ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հյուսիսային Կիպրոսի հարավարևելյան ափին գտնվող Ֆամագուստա քաղաքում հայկական միջնադարյան եկեղեցու նախատիպը նախագծել է սինգապուրյան Hiverlab սթարթափը, հայտնում է բիզնեսի նորությունները լուսաբանող CNBC ամերիկյան հեռուստաալիքը։
Hiverlab սթարթափի նպատակն է պահպանել մշակութային ժառանգության համարվող հուշարձաններն ու դրանց մասին տեղեկություն փոխանցել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ։
«Այժմ օգտատերերը կարող են (VR-Headset) վիրտուալ իրականության նորագույն ակնոցի օգնությամբ 3D ռեժիմում տեղափոխվել կղզու ամենահին կրոնական հուշարձաններից մեկը համարվող հայկական եկեղեցի (Սուրբ Աստվածածին Գանչվոր վանք — խմբ.): Օգտատերերը կարող են տեսնել, թե շինությունն ինչ տեսք է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում», — ասվում է հաղորդագրությունում:
Ակտիվ հղումների միջոցով հնարավոր է ամբողջական տեղեկություն ստանալ եկեղեցու պատմական և հոգևոր նշանակության մասին:
Սթարթափի հեղինակները նշում են, որ իրենց հեղինակած նախագիծը փոխում է վիրտուալ տեխնոլոգիաների վերաբերյալ պատկերացումն ու հնարավորություն տալիս ոչ միայն ուղղակի տեսնել տեսարժան վայրերը, այլև՝ գիտելիքներ ստանալ։