20:10 18 հունվարի 2017
Ուղիղ եթեր
ԱՄՆ

ԱՄՆ-ի խաղերն ու ռուսական հաքերները

REUTERS/Mark Kauzlarich
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյան
4720

Ամերիկայի լիբերալ–գլոբալիստական «իսթեբլիշմենթն» իր գաղափարային պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել: Նույնիսկ տրամաբանությունից դուրս հետևություններ է անում իր պարտությունից՝ ռուսական ԶԼՄ-ներին ու հաքերներին մեղադրելով նրանում, որ ընտրություններում հաղթեց Թրամփը…

Թրամփի ընտրվելուց հետո այդ երկրում շատ բան է փոխվելու, ու քաղաքական հարթակներում Միացյալ Նահանգների դերակատարումը առնվազն մի նոր փուլ է թևակոխելու…

Ամերիկացիների ապագան աշխարհով մեկ, եթե չասենք՝ մշուշով է պատած, ապա, ամեն դեպքում, անհրաժեշտ է ընդունել, որ այդ երկիրն առնվազն ինչ-որ չափով իր ազդեցությունը հաստատ կորցնելու է ժամանակակից քաղաքակրթության վրա: Իրականում, զարմանալու որևէ բան չկա այդ ամենում:

Իրենք՝ ամերիկացիներն են մի նախագահ ընտրել, որը պրակտիկ բիզնեսմեն մարդ է: Այն հանգամանքը, որ Թրամփն իր կյանքի ընթացքում սովորել է ամեն ինչ դոլարի հաշվարկով գնահատել, երևի թե Ամերիկայի համար այդքան էլ լավ չի. իր ազդեցությունն աշխարհում այդ երկիրն ինչ- որ չափով հաստատ կկորցնի…

Սակայն, մյուս կողմից, իրենք՝ ամերիկացիներն էին նման խաղի կանոններն ընտրել ու կարողացել են, ի դեպ, ամբողջ աշխարհի, ինչպես ասում են՝ վզին դրանք փաթաթել…

Ու հիմա էլ, հենց այդ կանոններից ելնելով, Թրամփը շատ կոնկրետ հարցերով է տարվում, որոնց պատասխանները փորձելու է չորս տարվա ընթացքում գտնել իր ու իր երկրի համար: 

Նախ (ու՝ ամենակարևորը) այն հարցն է, թե ինչո՞ւ պետք է ամերիկացիները, ինչպես ասում են՝ փեշով փող ծախսեն, ասենք թե, Սերիայում կամ Յեմենում, կամ էլ Ուկրաինայում հեղափոխություն կազմակերպելու համար (օրինակ՝ նույն Ուկրաինայում Յանուկովիչին տապալելու համար Վաշինգտոնը առնվազն 5 միլիարդ դոլար է ծախսել) կամ էլ Իրաքում կամ Աֆղանստանում պատերազմել ինչ-որ գաղափարների համար, որոնք շարքային ամերիկացուն ուղղակի անհասկանալի են…

Դա այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները բավականին ծանր տնտեսական խնդիրներ ունի, իր մայր ցամաքի վրա կուտակված բարդություններ, որոնք, ասենք թե՝ Մեքսիկայի կամ Կոլումբիայի հետ են կապված։

Սերգեյ Ռոգով
© Sputnik/ Владимир Федоренко

Կրկնում եմ՝ Թրամփը կոնկրետ, պրակտիկ մոտեցումներ է ցուցաբերում այդ հարցերին: Մի կողմից դա այդքան էլ ընդունելի չի, ասենք, նրանց համար, ովքեր աշխարհով մեկ ամեն ինչի վրա իշխող դոլարի գաղափարն են փորձում հերքել: Մյուս կողմից, իրականում, դա կոնկրետ ամերիկացիների խնդիրն է, որը, կարծես թե, ստիպված են լինելու մոտակա 4 տարվա ընթացքում ինչ-որ կերպ լուծել…

Ինչևէ, այդ ամենի հետ մեկտեղ չմոռանանք, որ Թրամփին լուրջ դիմակայություն է սպասում հենց իր երկրի ներսում, քանի որ նախորդ նախագահ Օբամայի օրոք լիբերալ-գլոբալիստների դիրքերը բավականին լուրջ էին ամրապնդվել ու հիմա արդեն հասկանալի է դառնում, որ նրանք իրենց դիրքերն այդքան էլ հեշտ չեն հանձնի նույնիսկ նախագահական ընտրությունները տանուլ տալուց հետո:

Ու չեն հանձնվում: Բավականին ագրեսիվ վարքագիծ են ընտրել, ասենք թե, նույն Ռուսաստանի Դաշնության հանդեպ… Դե, դա էլ է հասկանալի. երկրագնդի վրա այնպես է դասավորվել, որ գաղափարային հակառակորդը ամերիկացիների ոչ թե, ասենք, արաբ ահաբեկիչներն են, ոչ էլ Չինաստանն՝ իր տնտեսական փայլուն ապագայով: Ռուսն է, որ, ամեն դեպքում, ամենաքիչն է ենթարկվել դոլարի մոլուցքին:

Ու այդ տեսանկյունից, եթե նայենք, թե ամերիկյան գլոբալիստներն ինչպես են իրենք իրենց դրսևորում, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում: Դե, շատ «զոռ» կլինի իրենց կողմից ընդունել, որ ինչ-որ տեղ նրանք սխալվել են, գաղափարախոսական պայքարը տանուլ են տվել ու, ի վերջո, բանը եկավ հասավ այնտեղ, որ հենց իրենց երկրում՝ Ամերիկայում, պարտություն կրեցին գաղափարական տեսանկյունից: Շատ ավելի հեշտ է մեղքը ռուսական ԶԼՄ-ների վրա գցել, թե իբր՝ նրանք անազնիվ խաղ տարան այդ ռազմադաշտում… Կամ ինչ-որ ռուսական հաքերներին մեղադրել նրանում, թե իբր նրանք մտան Միացյալ Նահանգների ընտրական գործընթացի մեջ ու համարյա թե թելադրեցին ամերիկացիներին, թե ում նախագահ ընտրեն…

Դե, մի տեսակ խնդալու էլ չի էլի, ասեմ ձեզ: Սակայն, թե իրականում ինչ էր տեղի ունեցել ու շարունակվում է իրականանալ այդ ասպարեզում, կարծում եմ, դեռ ոչ ոք չի կարող ասել:

Ամենազոր ամերիկյան «ՑՌՈՒ»-ն է շփոթվել է ինքն իր նախատեսած ծրագրերի մեջ, ըստ որոնց պետք է կարողանար հանրությանն ապացուցել, որ ռուս հաքերներն, իսկապես, խառնվել են ու ապօրինի գործողություններ են արել ամերիկյան տարածքում…

Գլխավոր թեմաներ