23:28 17 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Ցուցարարները մտադիր չեն հեռանալ Բաղրամյան պողոտայից

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բանակցություններ չեն վարի ոստիկանության հետ այլ տարածքում ակցիան շարունակելու շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. Ցուցարարները, ովքեր 11 օր Բաղրամյան պողոտայում բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, չեն պատրաստվում հեռանալ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տեղեկացրեց համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, ցուցարարները բանակցություններ չեն վարի ոստիկանության հետ այլ տարածքում ակցիան շարունակելու շուրջ։

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հանել է հատուկ տեխնիկան, այդ թվում` զրահապատ և ջրցան մեքենաները, Բաղրամյան պողոտայից` նշելով, որ բողոքի ակցիայի ակտիվությունն աստիճանաբար նվազում է և իրական սպառնալիքներ չկան։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Գլխավոր թեմաներ