20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան

Ողբերգության մասին պատմող ֆիլմը քաղաքական խնդիրների է բախվել

© Sputnik/ Екатерина Чеснокова
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2410

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի մասին, հետխորհրդային տարածքի որոշ երկրներում դժվարությունների է բախվել։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ««Երկրաշարժը» որևէ կապ չունի քաղաքականության հետ, սակայն որոշ երկրներում քաղաքական դժվարությունների է բախվել»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

«Երկրաշարժ» ֆիլմը, որը հիմնված է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետի իրական փաստերի վրա, Բելառուսի վարձույթում կհայտնվի 2016 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

«Մեր ֆիլմը քաղաքականության մասին չէ, այլ` իրական աղետի, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Երբ մեկ րոպեում զոհվեց 25 հազար մարդ, իսկ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար օգնեցին ամբողջ Միության բնակիչները», — ասել է Անդրեասյանը։

Նշենք, որ Հայաստանը Սարիկ Անդրեասյանի ֆիլմն առաջադրել էր «Օսկար» մրցանակի, սակայն ավելի ուշ այն հանվել էր մրցանակի «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգից այն պատրվակով, թե ֆիլմում «հայերը քիչ են»։

«Իհարկե, «Օսկար» չեն տա այն ֆիլմին, որտեղ ԽՍՀՄ-ը դրական քողի տակ է ներկայացված… Մեր բողոքարկումից հետո նրանք գրեցին, որ մենք կարող ենք ֆիլմն «Օսկարի» ներկայացնել մյուս տարի, և այն կընդունվի։ Բայց մենք չենք ուզում սպասել ևս մի տարի և այն վարձույթի չհանել միայն մրցանակի համար։ Կարևորն այն է, որ մարդիկ կարողանան դիտել ֆիլմը», — ավելացրել է ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը։

«Երկրաշարժը» չի հայտնվի նաև ուկրաինական վարձույթում։ Ֆիլմի ստեղծողներին Ուկրաինայում զգուշացրել են, որ կարող են մի շարք խնդիրներ առաջանալ, ընդհուպ մինչև ֆիլմի կրկնօրինակի ապօրինի տարածումը համացանցում։ Նման դեպք արդեն եղել է, երբ Ուկրաինայի ֆիլմը տեսասկավառակով ներկայացրել են մշակույթի նախարարությանը, և այն անմիջապես հայտնվել է համացանցում։

«Հուսով եմ, որ այդ ֆիլմն ուկրաինացիներն ամեն դեպքում կկարողանան դիտել առցանց կամ DVD տարբերակով», — ասել է պրոդյուսերը։

Զավեշտալի դեպք է գրանցվել նաև Մերձբալթյան երկրներում։

«Երկրաշարժի» թրեյլերում կա մի հատված, որտեղ խոսվում է խորհրդային ժողովրդի համախմբման մասին։ «Մեզ խնդրեցին այդ տողը փոխել և դարձնել «ամբողջ աշխարհի ժողովրդի համախմբում»», — եզրափակել է Անդրեասյանը։

Գլխավոր թեմաներ