20:32 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Մամուլ

Մամուլ. Վարձով ապրող պատգամավորները, մարտական կանայք ու վարչապետին զանգելու տարբերակը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3110

Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 29-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Խորհրդարանի 10 պատգամավոր ԱԺ-ի հաշվին վարձով է ապրում. նրանց մեջ մեծահարուստներ կան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է ևս 100 հազար դրամ՝ Երևանի որևէ հատվածում բնակարան վարձակալելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել է, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաև մեծահարուստ պատգամավորներ համարվող, կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը:

«Իրատես». Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ. ՀՀԿ կանայք մարտի են ելել իրար դեմ, նյարդերը լարված են

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են։ Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված։ Մամուլը վերջերս գրել էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատգամավոր է ցանկանում դառնալ։

ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։

«Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերևա»։ Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։ Փաստորեն, պատգամավոր լինելը, ըստ Նաիրա Նահապետյանի, թագուհի դառնալու ամենակարճ ճանապարհն է։ Ա՜յ քեզ հոգեբանություն»:

«Հրապարակ». Քաղաքական էլիտան «տժժում» է. Ապարանյան կլանի շուրջպարը հիացրել է հարսանքավորներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երևանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է:

«Ֆլորենս» ռեստորանում կայացած խնջույքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՍԴ նախագահը, ուրիշներ: Երգել են հայկական շոու բիզնեսի աստղերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Մհերը և այլք, հարսանիքը վարել է Գրիշա Աղախանյանը:

Ներկաները հատկապես տպավորվել են ապարանյան կլանի շուրջպարով. ուս ուսի պարել են Սամվել Ալեքսանյանը, Աղվան Հովսեփյանը, ապարանցի պատգամավորները, «Նիգ Ապարան» միության անդամները: «Երևի մի 300 հոգի կլինեին, Գառնիկիչը հրավիրել էր բոլոր նրանց, ում համարում է ընկեր, կապ չունի՝ այժմ այդ մարդը պաշտոն ունի, թե ոչ։ Նախագահն էլ մի քանի ժամ մնաց ու գնաց»,-պատմեց մասնակիցներից մեկը:

Աղվան Հովսեփյանը 3 որդի ունի. կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագը՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Նորապսակը՝ Միսակը, ատամնաբույժ է, ատամնաբուժական կլինիկա ունի»:

«Առավոտ». «Զանգահարեք վարչապետին»

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ այսուհետև դաշտն ազատ է, ոչ մի խոչընդոտ չկա, ով ինչ ցանկանա` կարող է ներկրել, և հորդորել է խնդիրների դեպքում իրեն ահազանգել։ «Առավոտը» պատրաստակամ է լսել բոլոր այն գործարանների խնդիրները, որոնք ներկրման հետ կապված խոչընդտոների կհանդիպեն, ինչն էլ որպես ահազանգ` հոդվածի տեսքով կներկայացվի վարչապետին»։

Գլխավոր թեմաներ