20:33 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Բորսա

Կրքեր գազի թեմայով. ի՞նչ չեն կարողանում կիսել Բաքուն ու Երևանը

© Sputnik/ Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7320

Հայ փորձագետներին մտահոգել է այն, որ Վրաստանը որոշել է Հյուսիս–Հարավ գազատարի գլխավոր ուղին կառավարող նավթի և գազի կորպորացիայի ակտիվների 25%–ը վաճառել։ Անհանգստության թեման մեկն է` բաժնետոմսերի հավանական գնորդը կարող է ադրբեջանական ընկերություն լինել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Լուրն այն մասին, որ Հյուսիս-Հարավ գազատարը կառավարող կորպորացիայի ակտիվների 25%-ը կարող է վաճառքի հանվել, անհանգստացրել է հայ հասարակությանը. Այս կորպորացիան, որի բաժնետոմսերի 25 տոկոսն աճուրդի հանելու մտադրության մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածի օպերատորն է։

Հայ փորձագետներին այս թեման մտահոգել է, քանի որ եթե բաժնետոմսերը հանվեն առաջնային ֆոնդային բորսա (Initial Public Offering, IPO), ապա դրանց հանդեպ հետաքրքրություն կարող է դրսևորել ցանկացած երկիր, այդ թվում` Ադրբեջանը։

«Չեմ կարծում, թե դա անհանգստանալու պատճառ է, քանի որ բաժնետոմսերի 25%-ը չնչին բան է։ Եվ Հայաստանը այդ հարցում մտահոգվելու պատճառ չունի, նույնիսկ եթե բաժնետոմսերը ձեռք բերի ադրբեջանական ընկերությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց անկախ փորձագետ Գիա Խուխաշվիլին։

Նրա խոսքով` տեսականորեն դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն ինչպես կարող է վնասել Հայաստանին, եթե անգամ ձեռք բերի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը, քանի որ այն ընկերությունը, որը բաժնետեր կդառնա, պետք է իր պարտականությունները կատարի պայմանագրի կետերի համաձայն։

Խուխաշվիլին նշեց, որ պետք է չի մոռանալ նաև խաղի քաղաքակիրթ կանոնների գոյության մասին, որը ոչ ոք չի խախտի։

«Երբ ռուսական ընկերությունը գնեց հայկական երկաթուղին և այն անվանեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, մենք նույնպես շոկի մեջ էինք, բայց հասկանում էինք, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն էր», — ասաց Խուխաշվիլին։

Խոսքը 2008 թվականի փետրվարի 13-ի պայմանագրի մասին է, որի համաձայն` Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է փոխանցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` ևս 10 տարով երկարացնելու իրավունքով։

Իսկ ինչ վերաբերում է վրացական կորպորացիային, ապա դեռևս 2005 թվականին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ցանկանում է վաճառել կորպորացիայի ակտիվները։ Սահակաշվիլին այն ժամանակ մտադիր էր դրանք վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, ինչը թույլ չտվեց ԱՄՆ-ն։

Վաշինգտոնն ու Թբիլիսին համաձայնագիր ստորագրեցին «Հազարամյակների մարտահրավերների ծրագրի» շրջանակում, որի համաձայն` Վրաստանը պետք է հրաժարվեր վաճառելու գաղափարից` գազատարի վերականգնման դիմաց։

Սակայն թեման այսքանով չավարտվեց, և վրացական իշխանությունը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը։ Մամուլում ժամանակ առ ժամանակ խոսվում էր այն մասին, որ պոտենցիալ գնորդն Ադրբեջանն է։

Հայ փորձագետներից ոմանք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում են, որ եթե անգամ Բաքուն դառնա կորպորացիայի 25%-անոց բաժնետեր, միևնույն է`այդ փաստը սպառնալիք չի հանդիսանա Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։

«Անհանգստանալու որևէ պատճառ չկա։ Պետք է հասկանալ, որ Վրաստանի կառավարությունը ծրագրում է ոչ թե գազատարը վաճառել, այլ բաժնետոմսերը դուրս բերել IPO և վաճառել գլխավոր գազատարը կառավարող կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` գազատարը հին է և արդիականացման համար ներդրումների կարիք ունի։ Երբեմն վթարներ են տեղի ունենում կամ վերանորոգման աշխատանքների պատճառով դադարեցվում է տարանցումը։ Այս ամենը նվազեցնում է ակտիվների արժեքը, բայց ոչ Կորպորացիայի բաժնետոմսերի գինը։ Բաժնետոմսերը գնելու հարցում շահագրգռված կարող են լինել ինչպես ադրբեջանական SOCAR ընկերությունը, այնպես էլ Գազպրոմն ու հայաստանյան և իրանական ընկերությունները։

Բաժնետոմսերի վաճառքի հետ կապված խոսակցությունները պայմանավորված Վրաստանի տնտեսական ծանր իրավիճակով, որից երկիրը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ։ Դրան նպաստում է նաև Վրաստանի ազգային արժույթի` լարիի արժեզրկումը։

Վրացի փորձագետները կարծում են, որ բաժնետոմսերի վաճառքը թույլ կտա երկու խնդիր լուծել` լրացնել արժութային բորսայի պակասուրդը և լրացուցիչ ներդրումներ ներգրավել։

Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանը ստանում է գազի 10%-ը, ինչը կազմում է մոտավորապես 150-200 մլն խմ գազ կամ շուրջ 45 մլն դոլար։

Գլխավոր թեմաներ