ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանից դեպի Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի գործում կան մեղադրյալների լուսանկարները` Իսլամական պետության դրոշի ֆոնին։ Այդ մասին հայտարարել է մեղադրյալներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
Հինգ մեղադրյալներից մեղքն ընդունում է միայն մեկը` Բեկա Բեկաուրին, ով տվյալ պահին գտնվում է հիվանդանոցում։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով` Բեկաուրին վիրավորվել էր կալանավորման ժամանակ։
«Գործի նյութերի մեջ նշված է, որ նրանք կարող են վահաբիականության հետևորդ լինել։ Ինքը` Բեկաուրին հերքում է տվյալ տեղեկությունը։ Գործում լուսանկարներ կան Facebook սոցցանցից, որտեղ Բեկաուրին և մյուսները կանգնած են Իսլամական պետության դրոշի մոտ», — հայտարարել է Չրելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։
Փաստաբանի խոսքով` Բեկաուրին հայտարարում է, որ առգրավված զենքն իր սեփականն է։