ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ին կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում են մշակույթի նախարարությունից:
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է այդ շրջանի ռուսական և խորհրդային նկարիչների ավելի քան 500 ջրանկարներ ու գծանկարներ, որոնցից 230-ը կներկայացվեն ցուցահանդեսում:
Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուից ընտրվել են 18-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի վարպետների՝ Կ. Բրյուլովի, Ա. Իվանովի, Ա. Օռլովսկու, Բ. Բռունիի, Վ. Շտերենբերգի, Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Վ. Կանդինսկու, Պ. Կոնչալովսկու և այլ նկարիչների գլուխգործոցները, որոնք իրենց յուրօրինակ ու հետաքրքիր լուծումներով միշտ թարմ ու արդիական են արվեստասերների համար:
Ցուցահանդեսն առավել ուշագրավ կդարձնեն ռուս նկարիչների հայկական թեմաներով ստեղծված աշխատանքները, որոնք կազմում են հավաքածուի նշանակալի մասը:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը: