19:57 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Գլոբուսի տեսքով գնդակ

Ո՞ւր է կորել Հայաստանը կամ գործարարներին չի հուզում ներմուծվող ապրանքը

© Sputnik/ Tatevik Badalyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
5020

Երևանի որոշ վաճառակետերում կարելի է տեսնել գլոբուսներ, որոնց վրա Հայաստանը բացակայում է։ Լավագույն դեպքում այն գտնվում է Թուրքիայի տարածքում։ Sputnik Արմենիան պարզեց, թե հայկական շուկայում ինչպես են հայտնվել «քաղաքականացված» գլոբուսները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Հայաստանի մայրաքաղաքում և գուցե ոչ միայն այնտեղ վաճառվում են գլոբուսներ, որոնց վրա Հայաստանը բացակայում է կամ ներառված է հարևան, մեղմ ասած, ոչ բարեկամական պետության տարածքում։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ յուրաքանչյուր դպրոցականի համար անհրաժեշտ առարկան ներկրվում է Թուրքիայից (քանի որ աշխարհագրական տվյալների աղավաղումը կարող է բխել այդ երկրի շահերից)։ Գաղտնիք չէ, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դե ֆակտո բավական զարգացած է։ Սակայն ինչպես պարզեց Sputnik Արմենիայի թղթակիցը, ամեն ինչ այնքան պարզ չէ։

Գլոբուս որոնելիս

Սկզբից մենք ուղևորվեցինք «Փեթակ» մեծածախ շուկա։ Գրենական պիտույքների առաջին խանութում բավական որակյալ գլոբուսներ տեսանք։ Հայաստանը հպարտոեն զբաղեցնում էր իր տեղը երկրագնդի վրա։

Ներկրողի խոսքով` ապրանքը ներկրվում է Ռուսաստանից։ Այն հարցին, թե կա՞ ապրանք Թուրքիայից, երիտասարդը սևեռուն նայեց և ասաց. «Այդ երկրից մենք ոչինչ չենք ներկրում»։

Ճիշտն ասած` ներկրողի նման դիրքորոշումն իմ սրտով էր, սակայն շուտով հիասթափություն ապրեցի։ Խաղալիքների և գրենական պիտույքների խանութում, որը գտնվում է վերջերս բացված առևտրի կենտրոնում, մենք տեսանք գլոբուսներ, ինչպես նաև գլոբուսի տեսքով գնդակներ։ Ասեմ, որ որակով դրանք զգալիորեն զիջում էին ռուսականներին, դա միանգամից աչքի էր ընկնում։ Ավելի մանրամասն զննելուց հետո պարզվեց, որ Հայաստանը նշված էր միայն մեկ գլոբուսի վրա։ Մյուսների վրա մեր երկիրն ընդհանրապես չկար կամ ձուլված էր հարևան երկրների հետ։ Ամենամեծ գլոբուսի վրա նշված էր միայն Երևանը, այն էլ Թուրքիայի կազմում։ Հետաքրքիր է, թե ինչի մասին են մտածում գործարարները, երբ երկրում տարածում են, մեղմ ասած, անորակ ապրանք։

Մեզ հետաքրքրեց, թե ով է ներկրել այդ ապրանքը։ Պարզվեց` խանութի տերերը։ Այն հարցին, թե տեղյա՞կ են նրանք, որ այդ գլոբուսների վրա Հայաստանը չկա, տղամարդը պատասխանեց. «Ճի՞շտ, ուշադրություն չեմ դարձրել»։

Նրա խոսքով` ապրանքը ներկրվում է Դուբայից։ Բնականաբար, հետաքրքիր է, թե որտեղ են դրանք արտադրում, հազիվ թե ԱՄԷ-ում։

«Մենք ներկրում ենք Դուբայից։ Չգիտեմ, թե որտեղից են նրանք ստանում, ամենայն հավանականությամբ` Չինաստանից։ Մենք ապրանքը գնելիս չենք ուսումնասիրում այն, ամսագրով պատվիրում ենք և արկղերով ստանում»,- ասաց ներկրող վաճառողը։

Սակայն գլոբուսների վրա «Made in China» հայտնի գրությունը չկար։ Եթե հավատանք վաճառող-խորհրդատուներին, պիտակն առկա է միայն արկղերի վրա, որոնք արդեն դեն են նետել։ Ափսոս…

Ներկրողը բաց չթողեց բողոքելու առիթը. «Այս գլոբուսները չեն վաճառվում, մեզ մոտ դեռ շատ է մնացել։ Հավանաբար մի չորս տարի կվաճառենք»։

Զարմանալի չէ. հաշվի առնելով որակը և բավական բարձր գինը` դրանք դեռ երկար կարող են այդպես մնալ։

Մենք մենակ չենք մեր դժբախտության մեջ

Հետաքրքիր է, որ նման դեպք տեղի է ունեցել Ադրբեջանում, ընդ որում` առնվազն երկու անգամ։

2009 թ-ին Բաքվում գրախանութի տերը գնել է ավելի քան 200 չինական մաքսանենգ գլոբուս` կարծելով, որ այդպես ավելի էժան է։ Արդյունքում պարզվել է, որ դրանց վրա Ադրբեջանը չկա, նրա տարածքի վրա պատկերված են եղել Վրաստանը և Հայաստանը։ Գործը հասել է իրավապահներին, որոնք առգրավել են ապրանքն անբարեխիղճ գործարարից և քրեական գործ հարուցել նրա դեմ` մաքսանենգ ապրանք պահելու համար։

Այդ դեպքից մի քանի տարի անց երրորդ դասարանի աշակերտը գլոբուսի վրա չէր կարող գտնել Ադրբեջանը։ Չինացի արտադրողի գլոբուսի վրա բոլոր պետությունների անունները ճիշտ են եղել, սակայն Ադրբեջանի փոխարեն նշված է եղել Հայաստան։

Վիրավորական է

Իհարկե, կարևոր է, թե ով է անորակ գլոբուսներն արտադրող երկիրը։ Կարևոր է նաև այն, որ հայ գործարարներն իրենք են դրանք ներկրում և դեռ բողոքում են, որ վատ են վաճառվում։ Մյուս կողմից` հետաքրքիր է, թե ինչու համապատասխան կառույցները չեն զբաղվում այդ հարցով։

Ինչ էլ որ լինի, հայ գործարարների թվում կան այնպիսիք, որոնց բոլորովին չի հուզում, թե ինչպիսի ապրանք են ներկրում և տարածում։ Ամեն ինչ տեղի է ունենում այս սխեմայով. գլխավորը` էժան գնել, վաճառել և փող աշխատել։ Շատ մանր հարցեր են…

Ինչպես դա բացատրել աճող սերնդին, որն այդ գլոբուսով ուսումնասիրում է աշխարհի երկրները և կարող է չգտնել իր հայրենիքը դրա վրա։ Կոչ ենք անում մեր ընթերցողներին` ավելի ուշադիր լինել ցանկացած տեսակի ապրանք, հատկապես գլոբուս գնելիս։

Գլխավոր թեմաներ