19:57 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
«Կիլիկիա» ակումբը կազմակերպել է գործարարների  և Տիգրան Սարգսյանի հանդիպումը

Ինչու՞ է հայ գործարարի բիզնեսը զարգանում Ռուսաստանում. գործարարների փորձը

© Cilicia Buisness Club
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
32730

Ռուսաստանում գործող «Կիլիկիա» գործարար ակումբի նախաձեռնությամբ փոքր և միջին ձեռնարկատերերը հանդիպել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ ու քննարկել բիզնեսը ծավալելու հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Աշոտ Ավետիսյանն իր բիզնես գործունեությունը ծավալում է Մոսկվայում, զբաղվում է էլեկտրական ապրանքների մեծածախ առևտրով։ Գործարարը կարծում է, որ Ռուսաստանում անհատ ձեռնարկատերը ապահովության զգացում ունի, քանի որ չեն անհանգստացնում հարկային ավելորդ ստուգումներով և բյուրոկրատական քաշքշուկներով։ Ըստ նրա` բավարար է միայն պահպանել կարգուկանոնը, լինել պարտաճանաչ, իսկ խելացի գործունեության դեպքում հաջողակ բիզնեսը պատրաստ է։

«Անհատ ձեռնարկատերերին բավականին լայն հնարավորություններ են տրված, ասենք, ես ընդամենը 13 տոկոսն եմ մուծում որպես եկամտահարկ, ունենք նաև կենսաթոշակային մուծումներ։ 2 հարկատեսակ է սահմանված. ես օգտվում եմ մեկից։ Վաճառքի համար վարձակալում եմ տարածքներ, որոնց հիման վրա պարզեցված հարկի նման մի բան եմ մուծում»,- ասաց գործարարը։

Աշոտ Ավետիսյանն անդամագրված է «Կիլիկիա» գործարար ակումբին, որտեղ տեղի են ունենում բիզնես քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնք օգտակար են լինում բիզնեսի ընդլայնման համար։ Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը, այս անգամ` ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումից հետո Ավետիսյանը սկսեց մտածել Հայաստանի հետ գործարար կապեր ստեղծելու ուղղությամբ։

«Ավելի ակտիվ սկսեցինք մտածել այդ ուղղությամբ ու մյուս տարվանից քայլեր կձեռնարկենք»,- ասաց հայազգի գործարարը։

Արարատ Մկրտչյանն էլ մասնագիտացել է գինեգործության բնագավառում։ Նա իրեն համարում է հաջողակ բիզնեսմեն, որովհետև չի տրտնջում, փոխարենը գործում է և կատարելագործվում։

«Մարդիկ սիրում են բողոքել, բայց դրանով ոչ մի բանի չես հասնի, ոմանք մտածում են, որ այդպես լրացուցիչ օգնություն կստանան։ Գինեգործության մեջ արդյունավետ բիզնեսի համար կա երկու պայման. սկզբից պետք է սովորել արտադրել որակով գինի և մեծ քանակությամբ։ Մենք Վրաստանից մի քանի անգամ քիչ գինի ենք արտադրում, նախ, որովհետև չունենք գինու այգիներ, ունենք կոնյակի այգիներ, որոնց միջոցով հնարավոր չէ բարձր որակի գինի արտադրել։ Այնինչ, մենք ունենք խաղողի շատ լավ տեսակներ, որոնցից կարելի է բարձրորակ գինիներ ստանալ և իրացնել ամբողջ աշխարհում»,-ասաց նա։

Ըստ զրուցակցի` երկրորդ պայմանն այն է, թե ինչպես գինին կներկայացնես աշխարհին։ Նա կարծում է, որ գինեգործները պետք է գնան ու մասնակցեն միջազգային միջոցառումների, օգտագործեն Վրաստանի փորձը, երբ օդանավակայններում հնարավոր է լինում վրացական գինիներ համտեսել ու գնել։

Арарат Мкртчян
Արարատ Մկրտչյան

Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը նրա համար էլ է օգտակար եղել, հատկապես հետաքրքրել է, որ Հայաստանը կարող է Իրանի և Ռուսաստանի միջև միջանցք դառնալ։

Հանդիպման կազմակերպիչը «Կիլիկիա» գործարար ակումբն է, որը տեղակայված է Մոսկվայում։ Մասնակիցները հիմնականում փոքր և միջին ձեռնարկատերերն են` թվով 300-ը, որոնց զգալի մեծամասնությունը հայեր են։

«Մեր ակումբի առաքելությունն է զարգացնել գործընկերների և մասնակիցների բիզնեսը։ Եթե մարդու բիզնեսը մեր ակումբում չի զարգանում, ուրեմն ակումբը նրան ոչ մի օգուտ չի տալիս»,- ասաց «Կիլիկիա» ակումբի համակարգող Նվեր Սարգսյանը։

Ակումբի անդամները հանդիպում են շաբաթական 5 անգամ, քննարկում բիզնեսի ընդլայնման հնարավորությունները, գտնում համագործակցության եզրեր։ Քննարկումների առանցքային մաս է կազմում ԵՏՄ շուկայի ընձեռած հնարավորություններից առավելագույն կերպով օգտվելը։

Нвер Саргсян на встрече участников и гостей Армянского бизнес клуба КИЛИКИЯ с председателем Коллегии Евразийской экономической комиссии Тиграном Саргсяном
«Կիլիկիա» ակումբի համակարգող Նվեր Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը

«Հիմնականում վերցնում ենք տվյալ բիզնեսմենի ապրանքներն ու ծառայությունները, փորձում ենք մատուցել, հասցնել մյուս անդամներին։ Դրա հետևանքով տվյալ բիզնեսմենի սպառման շուկան ընդլայնվում է, մեծանում է բրենդի ճանաչելիությունը»,- ասաց նա։

Բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կամ հաջողակ գործարարների հետ կազմակերպվող հանդիպումները մի քանի նպատակ են հետապնդում։

«Դրանք են` ծանոթությունը բանախոսի ու գործարարի հետ, շփում մասնակիցների միջև, հաճելի ժամանց սեղանի շուրջ, որ ներառել ենք ընդհանուր կարևորության մեջ»,- ասաց Նվեր Սարգսյանը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչու են իրենց գործունեությունը ծավալել հենց ՌԴ-ում, կամ արդյո՞ք այնտեղ հարկային օրենսդրությունը չի խանգարում փոքր և միջին ձեռնարկատերերին, Սարգսյանը պատասխանեց` Ռուսաստանում էլ հարկերը քիչ չեն, պարզապես սպառման շուկան է մեծ։

«Հայաստանում հարկերն ավելի քիչ են, քան Ռուսաստանում, այլ հարց է, որ այնտեղ շուկան է մեծ, շուկայի մեծության հաշվին ծախսերի առկայության դեպքում փոքր կամ միջին ձեռնարկատերը շահույթ է ունենում և դրա ֆոնին այդքան չի նեղվում, որքան Հայաստանում։ Հայկական շուկան փոքր է. երբ շահույթը քիչ է լինում, գործարարը բողոքում է կամ փակում բիզնեսը»,-ասաց նա։

Վերջում նա նշեց մի արտոնություն` Ռուսաստանի պետական մեծ կորպորացիաները պարտավոր են անցկացվող տենդերների 10 տոկոսը տրամադրել փոքր և միջին բիզնեսին, ինչը նույնպես շահագրգռում է գործարարին։

Գլխավոր թեմաներ