20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Արցախ

Ադրբեջանն արկեր է նետել սահմանի տարբեր ուղղություններով

© Sputnik/ Асатур Есаянц
Ղարաբաղ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 2000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ (6 արկ):

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

 

Գլխավոր թեմաներ