19:57 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լևոն Զուրաբյան

Կարեն Կարապետյանի կերպարը վարկանիշ կբերի ՀՀԿ–ին

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Սերժ Սարգսյանն ու իր թիմն այնքան են կտրվել իրականությունից, որ հավատում են իրենց ելույթներում գրված թվերին: Այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ՀՀԿ համագումարին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի կերպարն օգտագործում է` խորհրդարանական ընտրություններում լավ արդյունքի հասնելու համար:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Կարեն Կարապետյանի` ՀՀԿ շարքերը համալրելու որոշումը` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ի հաջողության դեպքում վարչապետի պաշտոնը դարձյալ Կարեն Կարապետյանին վստահելու մասին հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ իր` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը կախված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:

«Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է 2017 թվականի ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց, համաձայն Սերժ Սարգսյանի ասածի` ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականից»,- ասաց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է մեկ օրվա ընթացքում 7000 մարդու ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարություններին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը դա խայտառակություն համարեց` նշելով, որ իրականում ջրի, էլեկտրաէներգիայի, գազի բնագավառի աշխատողներին զանգվածաբար ստիպել են անդամակցել ՀՀԿ-ին:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` այս ամենն առաջիկայում հակառակ էֆեկտի է հանգեցնելու: Նույն այդ մարդիկ, որոնց այսօր ստիպել են, վաղը զզվանքի, ատելության զգացում են ապրելու իշխանությունների նկատմամբ:

ՀՀԿ համագումարից ստացած տպավորությունների մասին խոսելիս Լևոն Զուրաբյանը նշեց, որ «պաշտոնավարման 18-րդ տարում ՀՀԿ-ն ձեռք է բերել 70-ական, 80-ական թվականների КПСС-ին բնորոշ վարքագիծ»:

Ըստ Զուրաբյանի` Սերժ Սարգսյանն ու իր թիմն այնքան են կտրվել իրականությունից, որ հավատում են իրենց ելույթներում գրված թվերին։

Գլխավոր թեմաներ