20:35 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ազգային ժողով

Ով և ինչու է դառնում կուսակցական

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

ԱԺ-ում այսօր բուռն արձագանք ստացավ «Քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Այն, ըստ հեղինակների, կուսակցությունների գործունեությունը ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակ ունի:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եթե այժմ կուսակցություն հիմնելիս անհրաժեշտ է ունենալ 200 հիմնադիր անդամ, իսկ գործունեության կես տարվա ընթացում` անդամների թիվը պետք է հասնի առնվազն 2000-ի, ապա նոր օրենքի նախագծով` հիմնադիր անդամների թիվը հասցվել է 100-ի, կես տարվա ընթացքում անդամների նվազագույն շեմն էլ` 1000-ի: Այս և մի շարք այլ փոփոխություններ է առաջարկում կառավարությունը կուսակցությունների մասին նոր օրենքի նախագծով:

Կուսակցությունների գործունեության մասին քննարկումները, սակայն, պատգամավորների ուշադրությունն ավելի շատ սևեռեցին ոչ թե կառավարության առաջարկների, այլ քաղաքական դաշտում առկա խնդիրների վրա:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց օրը մեկ անգամ տաքսի նստել:

«Կիմանաք, թե ինչ են խոսում ձեր մասին, կառավարության մասին, ընդդիմության մասին, կլսեք ու կիմանաք շատ ավելին, քան ձեր նախարարները գիտեն»,- ասաց նա` հավելելով, որ այն, ինչ գրված է օրենքի նախագծում բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Օրինագծի 2-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածները վերաբերում են քաղաքական կուսակցությանը կամավորության սկզբունքով անդամակցելուն։

«Ասացեք խնդրեմ, ձեր վարչապետն ու նախարարները եթե չլինեին վարչապետ ու նախարար, այդ օրը բոլորը միասին դիմում գրելու՞ էին, թե այդ օրը միասին պայծառատես դարձան, որոշեցին ընդունել նժդեհական գաղափարախոսությունը և անդամագրվեցին»,- հռետորական հարց հնչեցրեց Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ հակառակ կրթական հաստատությունների ապաքաղաքականացման սկզբունքի, ՀՀ բոլոր կրթական հիմնարկների ղեկավար կազմը Հանրապետական կուսակցության անդամներ են:

Իշխանական ուժի ներկայացուցիչներին ավելի շատ մտահոգում էր քաղաքական դաշտի չկայացած լինելը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ այն կուսակցությունները, որոնք մի քանի խորհրդարանական ընտրությունների չեն մասնակցում և ընդամենը թղթի վրա գոյություն ունեն, պետք է ինքնալուծարվեն, իսկ քաղաքական դաշտը պետք է գնա կուսակցությունների խոշորացման ճանապարհով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարՆաիրա Զոհրաբյանը ևս կողմ արտահայտվեց ընտրություններին չմասնակցող մարդ-կուսակցությունների ինքնալուծարվելուն:

«Մենք շատ լավ գիտենք, որ այդ կուսակցությունները կազմված են երկու սուբյեկտից` անձը և իր կնիքը: Երրորդ սուբյեկտ գոյություն չունի: Եթե մարդը կարողանար 2000 հոգի հավաքել, որպեսզի լուծարման որոշում կայացներ, դրա փոխարեն կասեր` ես հզոր կառույց եմ, 2000 հոգի ունեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի կուսակցականացմանը, այս հարցում Զոհրաբյանը համաձայնեց իր ընդդիմադիր գործընկերների հետ: «Ժեկից սկսած` ամբողջ համակարգը ծառայում է մեկ նպատակի` հանուն Հայաստանի Հանրապետական կուսակցության»,- ասաց նա:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը թերահավատություն հայտնեց, որ իշխանական ուժին անհանգստացնում է փոքր կուսակցությունների ճակատագիրը:

«Ձեր մտահոգությունը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանելն է, քաղաքական մոնոպոլիայի հզորացումը»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն ամբողջությամբ գործում են մեկ կուսակցության համար, իսկ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները վերածվում են իշխող կուսակցության մասնաճյուղերի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների ելույթներում ՀՀԿ-ի հասցեին արված քննադատական հայտարարություններին: Քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի մասին հայտարարություններին հանրապետական պատգամավորը հակադրեց հենց ԱԺ-ի ներկա կազմը`մասնավորապես նշելով, որ ՀՀԿ խմբակցության մեջ 6 կուսակցություն է ներկայացված, Ժառանգությունում` 3, ԲՀԿ-ում` 3, ՀԱԿ-ում` 4:

Գլխավոր թեմաներ