Շուրջ երկու-երեք ամիս է` մայրաքաղաքում ձմռանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Ձյունը բակերից, մայթերից մաքրելու աշխատանքներն իրականացնելու է «Սանիթեք» ընկերությունը, որը զինված է համապատասխան տեխնիկայով` Երևանի 12 վարչական տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար։
Հրայր Անտոնյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ մեքենաների քանակն ավելի քան կրկնակի ավելացել է։
«Կարող ենք ասել, որ պատրաստ ենք ձյան մաքրման աշխատանքներին և՛ գլխավոր, և՛ երկրորդական փողոցներում, և՛ մայթերում, և՛ բակային տարածքներում։ Մենք ձմռանը պատվով դուրս կգանք, և մեր մայրաքաղաքի բնակիչները ձյան հետ կապված խնդիր չեն ունենա»,- ասաց նա։
Նա չի բացառում, որ կարող են խնդիրներ ծագել, երբ մի քանի օր շարունակ ձյուն տեղա, քանի որ այդ ժամանակ բարդանում են ձնմաքրման աշխատանքները։ Բայց վստահեցնում է, որ խուճապի մատնվել պետք չէ, քանի որ քաղաքապետարանը պատրաստ է ձմռանը։