20:33 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Խանութ

Խանութ VS սուպերմարկետ. որտեղից է պետք առևտուր անել

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2610

Սպառողների ազգային ակադեմիան Հայաստանի քաղաքացիներին հորդորում է գնումներ կատարելու համար ոչ միայն սուպերմարկետներ այցելել, այլև` փոքր խանութներ, որոնք չեն զիջում վաճառվող մթերքների որակով և թարմությամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Սպառողների ազգային ակադեմիան պատրաստվում է վերամշակող ձեռնարկություններում և տնտեսվարող սուբյեկտներում նախատոնական ստուգումներ անցկացնել։ Դեկտեմբերի կեսին կհրապարակվեն առաջին ցուցանիշները, որոնց համաձայն` պարզ կլինի, թե որ արտադրողների ապրանքներն է պետք գնել և որ խանութներում է ձեռնտու գնումներ կատարել։

«Մենք պատրաստվում ենք հերթական ստուգումներն անցկացնել և ներկայացնել մեր ստուգման արդյունքները։ Ամեն ինչ պարզ կլինի մոտավորապես դեկտեմբերի 15-ին», — ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

Կազմակերպությունը վերջերս է ստուգումներ անցկացրել ավելի քան 40 տնտեսվարող սուբյեկտում և կոպիտ խախտումներ չի հայտնաբերել, հատկապես` մսամթերքի, կաթնամթերքի և հացաբուլկեղենի շուկայում։

Մելիտա Հակոբյանը պնդում է, որ լաբորատոր փորձաքննության ճիշտ արդյունքներ ստանալու համար ապրանքների նմուշառումները պետք է ճիշտ կատարել և դրանք ստուգել առնվազն երեք լաբորատորիայում։

Փորձագետը խորհուրդ է տալիս ժամանակն ու գումարը խնայել և «ապրանքը միանգամից կիլոներով չգնել», քանի որ այսօր կարելի է գնումներ կատարել անգամ առանց տանից դուրս գալու։

«Մենք սովոր ենք գնումներ կատարել տոներից մեկ ամիս առաջ։ Սակայն մոռանում ենք, որ դրանք սխալ պահելու դեպքում խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը», — նշեց Հակոբյանը։

Եթե նորմերի և չափանիշների հետ կապված իրավիճակը քիչ թե շատ պարզ է, ապա շատերին հետաքրքրում է այն հարցը, թե որտեղից է պետք գնումներ կատարել` շուկայի՞ց, սուպերմարկետի՞ց, թե՞ խանութից։

Թեև մայրաքաղաքում սուպերմարկետների խոշոր ցանցեր կան, այնուհանդերձ շատերը շարունակում են օգտվել սովորական խանութներից։

Գեղեցիկ, լուսավոր և բազմամարդ սուպերմարկետները շատ հարցերում զիջում են փոքր խանութներին, քանի որ մարդիկ իրենց շենքերի բակերում տեղակայված անշուք խանութների վաճառողներին երբեմն ավելի շատ են վստահում, քան սուպերմարկետների ժպտադեմ աշխատակիցներին։

«Ես` որպես շարքային սպառող, գերադասում եմ առևտուր անել մեր շենքի մոտ գտնվող փոքրիկ խանութից, քանի որ վստահ եմ` այնտեղ ինձ երբեք հնացած ապրանք չեն տա», — ասում է Երևանի ծայրամասում բնակվող Արմինեն։

Նրա խոսքով` խանութի վաճառողն անպայման զգուշացնում է, որ տվյալ ապրանքը թարմ չէ, ինչը երբեք չի անի սուպերմարկետի խորհրդատուն, քանի որ մեծ խանութներում սովորաբար գործում է «որքան հնարավոր է շատ վաճառելու» սկզբունքը։

Եթե որոշ մարդիկ գոհ են փոքր խանութներից, այդ հանգամանքը դեռ չի նշանակում, որ պետք է առևտուր անել միայն նման խանութներից, քանի որ այդօրինակ խանութներում էլ սովորաբար չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը. մինչև այսօր էլ որոշ խանութների վաճառողներն առանց ձեռնոցների են աշխատում։

Մելիտա Հակոբյանը խորհուրդ է տալիս մթերք գնել փոքր խանութներից այն դեպքում, եթե դրանք համապատասխանում են սանիտարահիգիենիկ նորմերին։

Գլխավոր թեմաներ