20:34 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Լաբորատորիա

Ռեֆերենս լաբորատորիաներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը

© Scienceblog
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Հայաստանի ռեֆերենս լաբորատորիաները փակ են և ունեն անվտանգության բարձր մակարդակ, բայց դա չի նշանակում, թե այնտեղ կենսաբանական զենք է ստեղծվում: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում Լիլիթ Ավետիսյանն անդրադարձավ լաբորատորիաների շուրջ բարձրացված աղմուկին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ռեֆերենս լաբորատորիաների ստեղծումը և շահագործումը որևէ աշխարհաքաղաքական խնդրի հետ կապված չէ, անդրադառնալով առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում ստեղծված ռեֆերենս լաբորատորիաների շուրջ բարձրացված աղմուկին, ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

«Հայաստանը գտնվում է այնպիսի մի գոտում, որտեղ մեծ է միգրացիան, և բավական բարձր է հավանականությունը, որ հիվանդությունները մուտք կգործեն մեր երկիր և կարող են տարածվել։ Հայաստանը, ելնելով միջազգային պարտավորություններից, պետք է կարողանա վաղ հայտնաբերել նշված վտանգները և արձագանքել դրանց՝ թույլ չտալով տարածվել թե՛ երկրի տարածքում, թե՛ դրանից դուրս: Այս լաբորատորիները զուտ հետազոտական են և կոչված են լուծելու այս խնդիրը»,- ասաց նա:

Առողջապահության նախարարության ռեֆերենս լաբորատոր կենտրոնն ունի և՛ կենսաբանական, և՛ քիմիական հետազոտությունների ուղղվածություն, նշեց մասնագետը՝ հավելելով, որ կենսաբանական առումով Հայաստանը համագործակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի հետ։ Քիմիական լաբորատորիաների զարգացումը ևս, նրա խոսքով, ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աջակցության արդյունք է: Շենքի վերանորոգումը, սարքավորումներով հագեցումն իրականացվել է ԱՄՆ-ի, իսկ դաշտային պայմաններում գործող երկու շարժական հզոր լաբորատորիաները՝ ՌԴ կառավարության աջակցությամբ:

«Այս գործընթացը երկրում իրականացվում է միջգերատեսչական համակարգմամբ և ոչ երբեք միայն առողջապահության նախարարության որոշմամբ: Այս գործընթացը համակարգվում է կառավարության կողմից: Այստեղ, բացի առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններից, գործունեություն են ծավալում նաև ԱԻՆ-ը և Ազգային անվտանգության ծառայությունը, որը համակարգում է այս գործընթացը։ Հետևաբար այն մտավախությունը, թե այս լաբորատորիաների գոյությունը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը, որևէ հիմք չունի»,- ասաց Ավետիսյանը։

Այն լաբորատոր ցանցը, որի ստեղծման ուղղությամբ Հայաստանում այսօր աշխատանքներ են տարվում, պետք է ներառի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիմունքներով աշխատող լաբորատորիաները: Իսկ ռեֆերենս լաբորատորիաները կոչված են վերահսկողության ենթարկել մյուս լաբորատորիաների աշխատանքը, մեթոդական աջակցություն տրամադրել, իրենց վրա վերցնել առավել բարդ հետազոտությունները:

«Ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառներից մեկը, Ավետիսյանի համոզմամբ, դրանց երկակի նշանակության մասին խոսակցություններն են:

«Լաբորատորիան չի կարող երկակի նշանակության լինել, որովհետև Հայաստանը ստանձել է պարտավորություն կենսաբանական զենքի նվազեցման միջազգային կոնվենցիայով, և մեր լաբորատորիան, այո՛, կարող է հետազոտել երկակի նշանակության հարուցիչներ, օրինակ՝ սիբիրախտի, բայց դա չի նշանակում, որ ինքն այդ հարուցիչը կկիրառի երկակի նշանակությամբ»,- պարզաբանեց Sputnik-ի զրուցակիցը:

Նոր վերանորոգված և տեխնիկապես վերազինված լաբորատորիաներ են գործում Տավուշի և Շիրակի մարզերում, որոնք այդ մարզերի համար եզակի են և հնարավորություն են տալիս հայտնաբերել բոլոր տեսակի կենսաբանական հարուցիչները:

ՙՆախորդ դարի լաբորատոր սարքավորումներով և դուռ-պատուհանը փակելով՝ անվտանգությունը չի կարող ապահովվել, և աշխարհաքաղաքական այդ տեսակետը, որ արտահայտվել է որոշ բանախոսների կողմից, այս ենթատեքստում պետք է դիտարկել:

«Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական գոտում, որ պետք է ունենա լաբորատոր բավական բարձր մակարդակ, որպեսզի ապահովի հարուցիչների, կենսաբանական ախտածին ազդակների արագ հայտնաբերումն ու արձագանքումը՝ թույլ չտալով դրանցով պայմանավորված հիվանդությունների տարածումը երկրի տարածքում»,- ասաց Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին, թե լաբորատորիան փակ տիպի է, մասնագետը բացատրեց, որ դա պայմանավորված է կենսաբանական անվտանգության բարձր մակարդակով:

«Բայց դա չի նշանակում, որ այն փակ է, գաղտնի է, բոլոր այլ որակումներն այս դեպքում հարիր չեն»,- ասաց նա:

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիաները բացվել են 2016 թվականի հուլիսի 13-ին։

Գլխավոր թեմաներ