20:31 10 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Թբիլիսի

Հայկական եկեղեցիները և վրացական փոխհատուցումը

© Sputnik/ Alexander Imedashvili
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Վրաստանի հայ համայնքն IDеA հիմնադրամի և մի շարք բարերարների աջակցությամբ Վիրահայոց թեմին է հանձնել մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տունը։ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջնորդությամբ վերանորոգվել է «Նորաշեն» եկեղեցին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի հայ համայնքը վերջին շրջանում ակտիվ համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հետ։ Ընդհանուր ջանքերով նրանց հաջողվել է ոչ միայն տարբեր նախագծեր իրականացնել, այլև վերականգնել երբեմնի ավանդույթները։

«Վիճելի» եկեղեցիների հարցը

Վրացական հասարակությունը կասկածներ չունի Վրաստանում գտնվող այսպես կոչված վիճելի եկեղեցիների հայկական ծագման մասին։ Խոսքը Թբիլիսիի «Նորաշեն» և «Սուրբ Նշան» եկեղեցիների, Ախալցխայի «Սուրբ Նշան» եկեղեցու մասին է։

Ավելին, վերջին շրջանում նախկին վարչապետ Իվանիշվիլու բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերականգնվել է «Նորաշեն» եկեղեցու ճակատը և ամրացվել հիմքը։

«Կարծում եմ` ժամանակի հետ հայ եկեղեցուն կվերադարձվեն ինչպես «Նորաշենը», այնպես էլ «Սուրբ Նշանը»։ Գաղտնիք չէ, որ վրացական հասարակությունը դրանք հայկական է համարում։ Դրանք զբոսաշրջային քարտեզներում ևս նշված են որպես հայկական եկեղեցիներ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը։

Հայերի և վրացիների միջև բազմիցս վեճեր են ծագել այդ եկեղեցիների պատկանելության վերաբերյալ։ Երկու ժողովուրդներն էլ համոզված են, որ դա նրանց ունեցվածքն է։

Բանակցությունները շարունակվում են

«Մենք փաստաթղթեր, լուսանկարներ և տեղեկատվություն ենք հավաքել Վրաստանի տարածքում գտնվող 56 հայկական եկեղեցիների մասին, դրանք շուտով կներկայացնենք վրացական կառավարությանը», — նշեց Միրզախանյանը։

Եպիսկոպոսը կարծում է, որ համայնքի և եկեղեցու փոխհարաբերությունների մեջ մեծ դեր է խաղացել այն փաստը, որ Վրաստանի հայերը միշտ են սերտորեն կապված եղել կրոնի հետ։ 20-րդ դարի 60-70-ականների ծանր տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին օգնել են Թբիլիսիի հայկական եկեղեցիները։ Որքան էլ տարօրինակ հնչի, վրացիների կրոնականությունն օգնում է հայերին օտարության մեջ չկորցնել իրենց հավատը և չկտրվել հարազատ եկեղեցուց։ Յուրաքանչյուր վրացի եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքում է։ Դա ոչ միայն անեկդոտների թեմա է դարձել, այլև առանձնացնում է վրացիներին այլ ազգի ներկայացուցիչներից։

Փոխհատուցում բարոյական վնասի համար

Վրաստանի հայ համայնքին օգնում են ինչպես Հայաստանի տարբեր գերատեսչությունները, այնպես էլ վրացական կառավարությունը և հայ բարերարները։

«Բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա ընկերների շնորհիվ հաջողվել է վերանորոգել և գործարկել 13-րդ դարի Սուրբ Գևորգ տաճարը։ Բաթումում Ալեքսանդր Մանթաշևի անվան մշակութալուսավորչական կենտրոնի բացման մեջ զգալի ավանդ է ունեցել Հայաստանի կառավարությունը»,- նշեց Միրզախանյանը։

Նա հայտնեց, որ գարնանը ականավոր հայ գրող Հովհաննես Թումանյանի տանն աշխատանքը կվերսկսի «Վերնատուն» գրողների միությունը։ Բացի այդ` Վրաստանի կառավարությունն այս տարի Հայ առաքելական եկեղեցու թեմին փոխանցել է 800 հազար լարի (350 000 դոլար)` որպես խորհրդային շրջանում պատճառված բարոյանյութական վնասի փոխհատուցում։

Այդ բյուջեից աշխատավարձ է հատկացվում թեմի ավելի քան հարյուր աշխատակիցների, ութ հոգևորականի և ֆինանսավորվում է համայնքի կրթամշակութային կենտրոնների գործունեությունը»,- նշեց Միրզախանյանը։

Նա կարևոր քայլ է համարում վրացական կառավարության «1+4» ծրագիրը, որը ներդրվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կառավարման օրոք։ Այդ ծրագրի համաձայն` Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները մեկ տարի սովորում են մայրենի լեզվով, զուգահեռ սովորում են վրացերեն, իսկ դրանից հետո շարունակում են ուսումը վրացերենով։ Միրզախանյանը համոզված է, որ վրացերենի իմացությունը նպաստում է հասարակությունում ինտեգրմանը։

Համայնքի կյանքում միակ թերությունը ծանր տնտեսական իրավիճակն է և որպես հետևանք` աշխատատեղերի պակասը։

Վերադարձ արմատներին

Դեռ 2000-ականների սկզբին հայերի մեջ քչերը գիտեին կամ նշում էին տոներն ըստ Հայ առաքելական եկեղեցու օրացույցի։ Այժմ իրավիճակը փոխվել է։ Այսօրվա դրությամբ գրեթե բոլոր ընտանիքներում Զատիկը, Սուրբ Ծնունդը և Ծաղկազարդը նշում են երկու անգամ` ինչպես հայկական օրացույցով, այնպես էլ վրացական։

«Շատ բարդ էր հայերին իրենց ավանդույթներին հաղորդակից դարձնելը, քանի որ նրանք 150 տարի ապրել էին վրացական սովորույթներով։ Իրավիճակը թեթևացրեց հայկական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումը», — նշեց եպիսկոպոսը։

Այսպիսով` նաև Միրզախանյանի մասնակցության շնորհիվ Վրաստանի հայերի մոտ վերականգնվել են Տեառնընդառաջի, Համբարձման տոները։ Բարեկենդանի ժամանակ Մեծ պահքից առաջ հայ կանայք մեծ կաթսաներով հարիսա են եփում և բաժանում մարդկանց։

Հայ առաքելական եկեղեցու թեմը հայ հասարակության օգնությամբ կազմակերպում է նաև տարբեր խոհարարական փառատոներ, մասնավորապես, տոլմայի և գաթայի, որպեսզի հայերը չմոռանան իրենց արմատների մասին։

Գլխավոր թեմաներ