20:01 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Ինքնաթիռ

Օգանեսյան. «Armenia»–ն ուղիղ չվերթեր կունենա Եվրոպա

© Tim de Groot
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9920

«Armenia» ավիաընկերությունը նախատեսում է հաջորդ տարի եվրոպական ուղղություններով չվերթեր իրականացնել։ Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանի խոսքով` ընկերության ինքնաթիռները մասնավորապես չվերթեր կիրականացնեն Լոնդոն և Բրյուսել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հաջորդ տարվա գարնանը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Եվրոպա մեկնել ուղիղ, այլ ոչ տարանցիկ թռիչքով։

«Մեզ հաջողվեց Եվրոպայում թռիչքներ իրականացնելու արտոնագիր ստանալ։ Մեր ավիաընկերությունը, առանց սահմանափակումների, եվրոպական ուղղություններով կարող է չվերթեր իրականացնել։ «Armenia»-ն մեր քաղաքացիներին Եվրոպա կտանի ուղիղ չվերթով», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։

Генеральный директор авиакомпании Армения Роберт Оганесян
© Sputnik/ Asatur Yesayants
«Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյան

Նրա խոսքով` «Armenia»-ի օդանավերը ապրիլին կթռչեն ոչ միայն Անգլիա ու Բելգիա, այլ նաև` Իսպանիա և Պորտուգալիա։

Դեկտեմբերի 16-ից ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Վորոնեժ, իսկ 24-ից` դեպի Մոսկվա։

«Մեզ համար դժվար է աշխատել անարդար մրցակցության պայմաններում, սակայն մենք չենք հանձնվում և առաջ ենք շարժվում», — ասաց Օգանեսյանը։

Ավիաընկերության ղեկավարները դժգոհ են այս տարվա արդյունքներից, քանի որ արտոնագիր ստանալուց հետո ընկերությանը չի հաջողվել որոշվածն իրականացնել, այսինքն` չվերթեր ունենալ դեպի Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Ռոստով, Պրահա և Լոնդոն։ Մինչ օրս չի լուծվել Դուբայ և Թել Ավիվ չվերթերի հարցը։ Այս անհաջողությունների ֆոնին «Armenia»-ն ամռանը գործարկեց չարտերային չվերթեր դեպի Վենետիկ, Կատանիա, Լառնակա։ Նախատեսվում է նաև չարտերային չվերթեր բացել Վալենսիա և Կորֆու:

П/к председателя-основателя авиакомпании Армения Тамаза Гаиашвили и генерального директора Роберта Оганесяна
© Sputnik/ Asatur Yesayants
Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Օգանեսյանը

Մեկ տարվա ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է ընդհանուր առմամբ 80000 ուղևոր։ Ավիաընկերության աշխատակազմում քաղավիացիայի 53 մասնագետ կա, «Armenia» կայանում չորս օդաչու վերապատրաստում է անցնում։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին, «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

 

Գլխավոր թեմաներ