20:00 08 դեկտեմբերի 2016
Ուղիղ եթեր
Դրամ

«Մարտիկ» հիմնադրամն անցյալ տարի 81.4 մլն դրամ է ծախսել

© Sputnik/ Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3111

Sputnik Արմենիան պարզել է, թե տարեկան որքան գումար է ծախսում «Մարտիկ» հիմնադրամը, և ինչի վրա են ծախսվում հիմնադրամի փողերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի –Sputnik, Նելլի Դանիելյան. Վիրավոր և զոհված զինծառայողներին աջակցելու նպատակով համազգային դրամահավաքի գաղափարի շուրջ քննարկումների շրջանակներում բարձրացվեց «Մարտիկ» հիմնադրամի հարցը: Գոյության 14 տարիների ընթացքում որքա՞ն գումար է հավաքել ու ինչի՞ վրա է ծախսել այս հիմնադրամը. հարցն այդպես էլ անպատասխան մնաց: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում, պատգամավորների այս հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չէ և խոստացավ հետաքրքրվել ու պարզել: Բայց պաշտոնական որևէ հայտարարություն այդպես էլ չարվեց:

Փոխարենը Sputnik Արմենիան է պարզել, թե տարեկան որքան գումար է ծախսում «Մարտիկ» հիմնադրամը, և ինչի վրա են ծախսվում հիմնադրամի փողերը:

2016թ-ի հունվարին «Մարտիկ» հիմնադրամը հաշվետվություն է հրապարակել իր 2015թ-ի ֆինանսական գործունեության վերաբերյալ:

Այդ հաշվետվության համաձայն, հիմնադրամը 2015թ-ին ծախսվել է 81 473 116 դրամ, որից իրականացրած ծրագրերին հատկացվել է 58 575 732-ը: Հաշվետվությունը, սակայն, չի բացահայտում, թե կոնկրետ ինչ է արվել այդ գումարի շրջանակներում: Նշվում է միայն, որ գումարն օգտագործվել է «կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի աջակցության համար»:

Տարվա ընթացքում, 14 158 907 դրամի սահմաններում աշխատավարձ են ստացել հիմնադրամի 7 աշխատակիցներ, որոնց թվում գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանը: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 849 000 դրամ:

Ի դեպ, հաշվետվությունը հատուկ շեշտում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները գոնե 2015թ-ին որևէ վարձատրություն չեն ստացել:

Նշենք, որ հիմնադրամի մասնակիցների թվում են նախագահ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արթուր Աղաբեկյանը, Վլադիմիր Գասպարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը և ուրիշներ:

Հիմնադրամի ֆինանսական միջոցները, կանոնադրության համաձայն, պետք է գոյանան տարբեր նվիրատվություններից և անդամավճարներից: Բայց թե 2015թ-ին ովքեր և որքան գումար են նվիրել, չի հրապարակվում: Փոխարենը նշվում է, որ հիմնադրամի եկամտի հիմնական աղբյուր են հանդիսացել ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսները, որոնք 2015թ-ին կազմել են 48 895 535 դրամ:

2015թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնադրամի ակտիվները կազմել են 618 440 000 դրամ:

 

Գլխավոր թեմաներ