Սպորտի ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Հայաստանի սպորտի նախարարը և Ճապոնիայի դեսպանը

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններն է քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ուղղությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցերն են քննարկել  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

«Սպորտի բարձրագույն նվաճումների ուղղությամբ համագործակցում ենք մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ, սակայն մեր կարևորագույն խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքներն են»,- նշել է նախարարը:

Ըստ հաղորդագրության` հյուրի խնդրանքով նախարար Ղազարյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության բնագավառում:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ճապոնական այկիդո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն առնչվող հարցերին: Նախարար Ղազարյանը նշել է, որ հատկապես ձյուդոն մեծ մասսայականություն է վայելում, և հայ ձյուդոյիստները բավական լավ մարզական հաջողություններ են գրանցում միջազգային մրցահարթակներում:

Ղազարյանը դեսպան Տագուչիին համառոտ տեղեկատվություն է ներկայացրել օգոստոսին կայանալիք համահայկական խաղերի վերաբերյալ` նշելով, որ ընդլայնվել է ոչ միայն խաղերի մասնակցության հայտ ներկայացրած մարզիկների աշխարհագրությունը, այլ նաև ավելացել է մարզաձևերի և մասնակիցների քանակը:

Կողմերը խոսել են նաև հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում շախմատի դասավանդման առավելությունների մասին, ինչը դեսպանը դրականորեն է գնահատել:

«Հայաստանը և Ճապոնիան տարածքով փոքր երկրներ են, սակայն երկուսն էլ հարուստ են մշակութային լուրջ ավանդույթներով և մեծ ժառանգությամբ: Մենք շատ բան ունենք միմյանցից սովորելու»,- եզրափակել է նա իր խոսքը:

Լրահոս
0