Սարգսյանը շնորհավորել է ֆրանսիացիներին Բաստիլիայի գրավման օրվա առթիվ

© Photo / official site of the President of RAПосол Франции Жан-Франсуа Шарпантье и президент Армении Серж Саргсян
Посол Франции Жан-Франсуа Шарпантье и президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բաստիլիայի գրավման օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեին, դիվանագիտական առաքելության աշխատողներին և ֆրանսիացի ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլիայի գրավման օրվա առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` մաղթելով Ֆրանսիայի հանրապետությանը հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։

Հայկական պետության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։

«Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին»,– ավելացրել է Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների»,– նշվում է ուղերձում։

Բաստիլիայի գրավման օրը նշվում է Ֆրանսիայում հուլիսի 14–ին։ 1789 թվականի այդ օրը գրավվել է Բաստիլա բանտ–ամրոցը` նշանավորելով Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը։

Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլիայի գրավման օրվա պատվին ավանդական շքերթն այս տարի հատուկ նշանակություն է ստանում` այն կդառնա Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100–ամյակին նվիրված հիշատակի խոշոր միջոցառումների շարքում։

Լրահոս
0