ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի–Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արմեն Մուրադյանը դեսպանին է ներկայացրել առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները։
Նա ընդգծել է, որ առողջության պահպանման առաջնային օղակի արդիականացումը, ինչպես նաև հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը օրակարգային է:
«Մոր և մանկան առողջության պահպանումը, համակարգում տեղակատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գերակա ուղղություն են», – նշել է Մուրադյանը հանդիպման ընթացքում։
ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովն իր հերթին նշել է, որ դեղագործությունը համագործակցության հեռանկարային ոլորտներից է:
Արմեն Մուրադյանն իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանյան 18 դեղարտադրողներից 2-ն ունի եվրոպական GMP պատշաճ արտադրական գործունեության դեղագործական հավաստագիր, առաջիկայում ևս մեկ ընկերություն կհամալրի նրանց շարքը:
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հուլիսի 21-ին Աշխաբադում կայանալիք «Առողջություն» պետական ծրագրի 20-րդ տարեդարձին նվիրված բժշկական միջազգային ֆորումին վերաբերող հարցերը, որին մասնակցելու է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը սկսվել է 1996թ.–ին։
Նախարար. առողջության պահպանման առաջնային օղակի արդիականացումը` օրակարգային է
12:33 15.07.2015 (Թարմացված է: 12:41 15.07.2015)
© Сайт Правительства РААрмен Мурадян

Արմեն Մուրադյանը Թուրքմենստանի դեսպանին է ներկայացրել առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները: