Թուրքիայի ներքաղաքական անկայուն իրավիճակի ֆոնին ավելի է թեժանալու քրդական զինված պայքարը. թուրքագետ

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցБоевики ИГИЛ в плену у сирийских спецслужб
Боевики ИГИЛ в плену у сирийских спецслужб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ թուրքագետի, Թուրքիայի առաջնային նպատակը, միգուցե, «Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ հենց ռազմական այդ ակտիվ բջիջների չեզոքացումն ու ոչնչացումն է

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության միջև բախումների վերսկսումը պայմանավորված է Թուրքիայում հետընտրական գործընթացներով, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներով, և այդ գործոններն ակտիվացնում են Թուրքիայում քրդական զինյալ պայքարը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով, քրդական կողմը, հատկապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, անընդունելի է համարում Թուրքիայի իշխանությունների վարքագիծը երկու տարվա զինադադարի ընթացքում:

«Տարածաշրջանային գործընթացները և ազդակները նոր խթան տվեցին քրդական զինյալ պայքարին, դրա ազդեցությունը գալիս է թե Իրաքից, թե Սիրիայից: Թուրքիայի խնդիրը բավական բարդ է. մի կողմից քրդական սպառնալիքը, մյուս կողմից՝ հատկապես Սիրիայի հյուսիսից եկող ռիսկերը»,- նշում է նա:

Թուրքագետի կարծիքով, Թուրքիայի` Սիրիայի հյուսիսում քրդերի միավորմանը և ընդգրկուն տարածքների վերահսկմանը խոչընդոտելու բազմաթիվ փորձերը ձախողվել են։ «Հիմա Թուրքիայի դերակատարությունը միջազգային կոալիցիայի կազմում պայմանավորված է ոչ այնքան «Իսլամական պետության» դեմ գործողություններով, որքան քրդական ուժերի դեմ միջնորդավորված հարվածներով: Թուրքիայի առաջնային նպատակը, միգուցե, «Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ հենց ռազմական այդ ակտիվ բջիջների չեզոքացումն ու ոչնչացումն է»,- ասել է Հովսեփյանը:

Թուրքագետի խոսքով, քրդական զինյալ պայքարն ավելի է թեժանալու՝ հաշվի առնելով Թուրքիայի ներքաղաքական անկայուն իրավիճակը: «Չեմ կարծում, որ կառավարությունը կարող է այս ընթացքում գնալ իրական բանակցությունների և որևէ հստակ բան առաջարկել քրդական կողմին»,- նկատել է բանախոսը:

Թուրքագետը հարցադրում է արել Հայաստանի համար քրդական կողմի ակտիվացման վտանգների վերաբերյալ և ընդգծել է, որ ռազմական գործողությունները Թուրքիայի տարածքում ընթանում են նաև Հայաստանի տարածքի երկայնքով: Նա նշել է այդ գործոնի որոշակի ռիսկերը, ինչը, ըստ մասնագետի, ամրագրված է նաև Հայաստանի ռազմական դոկտրինում, հետևաբար,  տարածաշրջանում ցանկացած ռազմական բախում ռիսկեր է պարունակում։

Հովսեփյանը եզրափակել է, որ հայկական հարցը հակասություն ունի քրդական պայքարի հետ, քանի որ Արևմտյան Հայաստանի տարածքն ամբողջությամբ նրանք դիտարկում են որպես քրդական պատմական տարածքներ:

Լրահոս
0