ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Պենտագոնը հաղորդել է Իրաքյան Քրդստանի իշխանություններին Սիրիայում ամերիկացի կոմանդոսների կողմից սպանված բարձրաստիճան ահաբեկչի կնոջ` Ում Սայաֆի փոխանցման մասին։
Կինը ձերբակալվել է մայիսին Սիրիայի ամերիկյան հատուկ օպերացիայի ընթացքում, որի ժամանակ սպանվել է նրա ամուսինը` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ Աբու Սայաֆը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, Աբու Սայաֆը Սիրիայում և Իրաքում նավթի և գազի անօրինական արդյունահանման համակարգողներից մեկն էր (ԻՊ–ի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը)։ Բացի այդ, Սայաֆը մասնակցել է ԻՊ–ի ռազմական օպերացիաների։ Նրա կնոջը նույնպես կասկածում են ահաբեկչության մեջ։
«Այսօր Նասրին Ասադ Իբրահիմը, ով նաև հայտնի է որպես Ում Սայաֆ, ԻՊ–ին անդամակցության կասկածյալը, ում մայիսի 15–ին ԱՄՆ ուժերը ձերբակալալ են Իրաքում, փոխանցվել է Իրաքի կառավարությանը։ Այժմ Ում Սայաֆն Իրաքյան Քրդստանի կառավարության ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է»,– ասվում է Պենտագոնի հաղորդման մեջ։
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ում Սայաֆի փոխանցումը «նպատակահարմար է օրենքի, դիվանագիտության, հետախուզության, անվտանգության և իրավապահ գործունեության տեսանկյունից», հայտնել է Պենտագոնը։
Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը զավթած ԻՊ լայն տարածումը համաշխարհային գլխավոր խնդիրներից է։ ԿՀՎ տվյալներով, խմբավորման կազմում է շուրջ 20 հազար գրոհային, այն խալիֆայություն է հռչակել զավթած տարածքներում և ձգտում է հետագայում էլ ընդլայնել իր ձեռքբերումները։
ՒՊ–ի հետ պայքարի ընդհանուր ճակատ չկա` խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան ԱՄՆ–ի գլխավորությամբ, որն առայժմ սահմանափակվում է օդային հարվածներով, ինչպես նաև իրաքցի և սիրիացի քրդերը։ Մարտական գործողությունների հետևանքով հազարավոր բնակիչներ են զոհվել, հարյուր հազարավորներ փախստական են դարձել և ևս մի քանի հազար էլ ԻՊ–ում մնացել են որպես պատանդ։
Պենտագոնն ԻՊ սպանված առաջնորդի կնոջը փոխանցել է Իրաքյան Քրդստանի իշխանություններին

© Sputnik
/ ԻՊ–ին անդամակցելու համար կասկածվող Նասրին Ասադ Իբրահիմը, ով նաև հայտնի է որպես Ում Սայաֆ, այժմ Իրաքյան Քրդստանի կառավարության ներքին գործերի նախարարության պատասխանատվության տակ է