Համահայկական վեցերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հինգշաբթի Երևանի Ազատության հրապարակում։
Արարողության ընթացքում ելույթ ունեցան Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (կազմկոմիտե) նախագահ, Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Միջոցառմանը նաև մասնակցեց Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։
Հաղթողներին պարգևներն ու գավաթները հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Պարգևատրման արարողության ավարտին Խաղերի դրոշը փոխանցվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Մինչ մյուս Համահայկական խաղերը դրոշը պահվելու է Երևանի Պատմության թանգարանում։
Կառավարության ղեկավարը Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարեց փակված։












