Սևանա լճի ափին կազմակերպված խնջույքն ավարտվել է աղիքային ինֆեկցիայի լոկալ բռնկմամբ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ութ մարդ դիմել է Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ութ մարդ դիմել է Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։ Սևանա լճի ափին կազմակերպված խնջույքից հետո նրանց մոտ աղեստամոքսային խնդիրներ են ի հայտ եկել, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 15-ին ծննդյան տարեդարձ նշելու կապակցությամբ Սևանա լճի շրջակայքում գտնվող հանգստյան տներից մեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է 24 անձ: Օգոստոսի 17-ին նրանցից 8-ի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխում, լուծ, նրանք դիմել են բժշկական օգնության», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այժմ հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է համապատասխան բուժում, լաբորատոր հետազոտություններ։

Համաճարակաբանական հետազոտություններ են իրականացվել նաև հանգստյան տանը: «Պարզվել է, որ հանգստյան տան ջրամատակարարումն իրականացվում է ափամերձ հատվածում գտնվող 3 մ խորությամբ հորից, որն առանց վարակազերծման տրամադրվում է հանգստացողներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Համադրելով համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները` կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է տեղային (լոկալ) բռնկում` պայմանավորված ջրային գործոնով», – նշել են ԱՆ–ից։ –0–

Լրահոս
0