ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputmik. Ադրբեջանական կողմը կիրառում է զենքի նոր տեսակ, ինչը մտահոգիչ է: Այս տարվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը, թեև պատերազմ չկա, բայց զինադադարն արդեն խախտվում է պատերազմին բնորոշ զինատեսակներով:
«Վերջին հինգ տարիներին, երբ Ալիևի գլխավորած ռեժիմն իրականության զգացողությունը լրիվ կորցրեց, հրադադարի ռեժիմի խախտումները դարձան գործելաոճ: Բոլորն այն կարծիքին էին, որ սրանք լայնածավալ պատերազմական գործողությունների նպատակ չհետապնդող փոքր օպերացիաներ են, որոնց միակ խնդիրը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար որոշակի հիմքեր ապահովվելն է: Բայց այստեղ պետք է հարցին այլ տեսանկյունից նայել՝ արդյոք Ադրբեջանն ընդունա՞կ է կառավարել այդ իրավիճակն այնպես, որ սահմանային միջադեպերից որևէ մեկը չդառնա անկառավարելի»,-հարցադրում է արել քաղաքագետը: Նա չի բացառում, որ Ադրբեջանի այսօրվա ռեժիմը կարող է ոչ ռացիոնալ գտնվել: Ավելին՝ միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը ռացիոնալ չէ:
Այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կարող է նավթի գործոնն անդրադառնալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Մինասյանը նախ ընդգծում է՝ ժամանակակից աշխարհում նավթը կարևորագույն ռեսուրսներից է: Այնուհանդերձ, բանախոսը նկատում է, որ առաջադեմ մարդկությունն աստիճանաբար հրաժարվելու է նավթից, հետևապես՝ այն տերությունները, որոնք հսկայական հարստություններ են դիզել էներգակիների վաճառքից, լուրջ խնդիրրներ են ունենալու: «Եվ, կարծես, այդ փուլը եկել է, և դրա ստարտը Չինաստանում ստեղծված տնտեսական վիճակն է: Չինաստանը վերջին տարիներին դարձել էր «համաշխարհային մանուֆակտուրա» և, ըստ էության, հումքն առնվազն հիսուն տոկոսով սպառվում էր Չինաստանում, այժմ հումքի շուկայում նկատվում է հսկայական ավելցուկ, որովհետև Չինաստանի սպառման ծավալները նվազում են»,-պարզաբանել է քաղաքագետը:
Այս համատեքստում բանախոսը, վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին, ընդգծում է, որ Չինաստանից պատվերների կրճատման պատճառով Արևմտյան Աֆրիկայում առաջացել է նավթի հսկայական ավելցուկ, որը ձեռք բերելը Եվրոպայի համար շատ ավելի ձեռնտու է, քան Ադրբեջանից ներկրելը: «Եվ կոնկտետ Ադրբեջանի հետ կապված լուրջ կանխատեսումներ կային, որ Ադրբեջանը կտուժի ոչ միայն նավթի գների անկումից, այլև սեփական նավթը միջազգային շուկայում իրացնելու տեսանկյունից»,-մեկնաբանել է Մինասյանը:
Ռազմավարական առումով ևս էապես թուլացել է Ադրբեջանը: Քաղաքագետն ընդգծում է, որ Ադրբեջանի «գինը» բարձր էր այն պարագայում, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ: «Տարանցման գործառույթն Ադրբեջանն իրականացնում էր զուտ այն պատճառով, որ խաղից դուրս էր Իրանը: Ադրբեջանը դիտարկվում էր որպես Եվրոպան Կենտրոնական Ասիային կապող միակ այլընտրանքը, որը շրջանցում էր Ռուսաստանը, բայց պարզվեց, որ երկրորդ այլընտրանքը բավական կառուցողական է տրամադրված, և այսօր ունենք միջուկային հիմանախնդրի հետ գործարքը»,-նկատել է Արմեն Մինասյանը:
Զինադադարն արդեն խախտվում է պատերազմին բնորոշ զինատեսակներով. քաղաքական վերլուծաբան
© Photo : press office of the MoD of RA / армия оборона Карабах граница военнослужащий НКР

© Photo : press office of the MoD of RA /
Առաջադեմ մարդկությունն աստիճանաբար հրաժարվելու է նավթից, հետևապես՝ այն տերությունները, որոնք հսկայական հարստություններ են դիզել էներգակիների վաճառքից, լուրջ խնդիրրներ են ունենալու