Նոր հանգամանքներ են բացահայտվել Քաջարանում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի առնչությամբ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, երկու անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր «հեպատիտ c» հիվանդություն:

Ինչպես նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի քննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների վարակվելու պատճառները պարզելու համար:

«Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար», – հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ.Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե.Ավագյանը։

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
0