«Թումանյանական հեքիաթները» սկսում են փառատոնային շքերթը Հայաստանում

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոբելյանական 10–րդ փառատոնը նվիրված է ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին, այն «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային ակցիայի շարունակությունն է

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. «Թումանյանական հեքիաթների օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 5–ին Լոռու մարզում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-International) հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։

Հոբելյանական 10–րդ փառատոնը նվիրված է ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին, այն «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային ակցիայի շարունակությունն է։

«Փառատոնը կսկսվի Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն մեծանուն հայ գրող և հեքիաթասաց Հովհաննես Թումանյանի հուշարձանին։ Նույն օրը Վանաձորի Հայք հրապարակից կմեկնարկի շքերթ դեպի Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ տեղի կունենա առաջին տիկնիկային ներկայացումը», – տեղեկացրեց Սաֆարյանը։

Նրա խոսքով` փառատոնին կմասնակցեն մոտ 80 հայ թատերական գործիչներ, ինչպես նաև Արցախի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Թուրքմենստանի և Բուլղարիայի տիկնիկային թատրոնները։

«Արդեն տասը տարի մենք Լոռու մարզում կազմակերպում ենք «Թումանյանական հեքիաթների օր» փառատոնը։ Այս տարի մենք նաև շարունակում ենք «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային քայլերթը, որը կանցկացվի նաև Վանաձորում», – նշեց Սաֆարյանը։

Նա պարզաբանեց, որ միջոցառման շրջանակում կկազմակերպվեն նաև սեմինարներ «Տիկնիկները` հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն, երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների և ահաբեկչության հետևանքով առաջացած սթրեսային իրավիճակների հաղթահարման գործընթացում» թեմաներով։

Փառատոնն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փառատոնի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։

Լրահոս
0