ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Երևանում զորավարժություններ են մեկնարկել, որոնց շրջանակում կկազմակերպվի Հայաստանի փրկարար ծառայության թեստավորումը Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG, International Search and Rescue Advisory Group) չափանիշներով, որը ստեղծվել է ՄԱԿ–ի գրասենյակի հիման վրա։
Ինչպես չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը, նման հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից անցկացվող թեստավորումը թույլ կտա դառնալ INSARAG–ի անդամ, ինչը շատ կարևոր է հայ փրկարարների համար։
Նա նշեց, որ INSARAG–ը ստեղծվել է ՄԱԿ–ի կառուցվածքում 1991 թ.–ին` 1988 թ.–ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի փրկարարական գործողություններին մասնակցած տարբեր երկրների որոնողափրկարարական միավորումների նախաձեռնությամբ։
«Հայաստանի համար շատ կարևոր է անդամակցել նման հայտնի միջազգային կառույցի, ինչը թույլ կտա ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային փրկարարների կողմից Հայաստանում գրանցվող երկրաշարժի դեպքում, այլ նաև ուղարկել սեփական օպերատիվ բրիգադներն աշխարհի տարբեր երկրներ` երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար», – ասաց Արշակյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։
Սեպտեմբերի 2–ին մեկնարկած թեստավորման ծրագրի համաձայն` տեղական ժամանակով առավոտյան ժամը 6։30–ին Х երկրում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 5500 մարդ և տուժել շուրջ 30 հազարը, կան նաև ավերածություններ։ Տուժած երկրի կառավարությունն օգնության համար դիմել է միջազգային հանրությանն` օգնություն ստանալու համար` ինչպես բարեգործական օգնության, այնպես էլ փրկարարների մասնակցության տեսքով։ Որոշվել է տուժած շրջան ուղարկել հայ փրկարարների ջոկատը։
Ինչպես նշեց Արշակյանը, իրական կյանքում INSARAG–ի անդամները ժամանում են դեպքի վայր միջադեպից 7–8 ժամ հետո, ընդ որում` սեփական միջոցներով, սեփական ինքնաթիռներով և կարող են ցուցաբերել բազմակողմանի օգնություն` ինչպես փրկարարական, այնպես էլ բժշկական և պարենային։
Հենց այս ծրագրով հայ փրկարարները 36 ժամում կանցնեն թեստավորում, ինչից հետո նրանք կարող են ներառվել INSARAG–ում։
Փրկարարական ուժերի վարչության պետի խոսքով` հայկական Փրկարարական ծառայությունը վերջին շրջանում բավականին ակտիվ զարգանում է և փորձում է օպերատիվ կերպով արձագանքել բոլոր ահազանգներին։
«Նախարարի հանձնարարությամբ` մենք արձագանքում ենք ծառայություն ստացված բոլոր ահազանգներին` անկախ այն բանից, թե որքանով են դրանք վերաբերում մեր ուղիղ պարտականություններին ` կատվին ծառից իջեցնելուց և լվացքի մեքենայի փակված դուռը բացելուց մինչև ամենալուրջ դեպքերն ու ինքնասպանության և սպանության փորձերը», – ասաց Արշակյանը։
Հայ փրկարարները 36 ժամում կչեզոքացնեն երկրաշարժի հետևանքները
15:32 02.09.2015 (Թարմացված է: 16:13 03.06.2016)
© Sputnik / Самвел Сепетчянначальник управления спасательных сил Министерства территориального управления и по чрезвычайным ситуациям, подполковник Арсен Аршакян

© Sputnik / Самвел Сепетчян
Նման հայտնի միջազգային կառույցին անդամակցելը թույլ կտա Հայաստանին ստանալ միջազգային փրկարարների աջակցությունը Հայաստանում գրանցվող երկրաշարժերի դեպքում, ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը