ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 3-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ, կերամիստ Անժելիկա Մորոզովայի «Դարվինը եղել է այստեղ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը` նվիրված անտուն կենդանիներին: Ցուցահանդեսն աննախադեպ էր հենց կենդանիների մասնակցությամբ:

«Ցուցահանդես կազմակերպելու մտահղացումը շատ վաղուց կար: Շատ էի ցանկանում, որ ցուցահանդեսին ներկա լինեին հենց կենդանիները, դա իմ երազանքներից էր: Ցանկանում էի, որ նրանք իրենց ներկայությամբ ապացուցեին, որ իրենք էլ մեր հասարակության մաս են»,- Sputnik Արմենիա պորտալին ասաց Անժելիկա Մորոզովան:
Նա ընդգծեց, որ ցուցահանդեսի կազմակերպմանն օգնել է «Դինգո» կենդանասերների կազմակերպությունը:

Նկարչուհու խոսքերով` ցուցահանդեսի հիմնական նպատակը էկոլոգիական և կենդանիների պաշտպանության խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելն է. «Ցուցահանդեսն անցկացվում է «Դարվինը եղել է այստեղ» խորագրով, և դա հենց այնպես չէ ընտրված: Խորագիրը ցույց տալիս, որ թեև Դարվինի տեսությունը` թե մարդն առաջացել է կապիկից, հերքվել է, այնուամենայնիվ, հաճախ մարդիկ իրենց այնպես են պահում, որ սկսում ես կասկածել` արդյո՞ք այդ տեսությունը սխալ է»:

Յուրաքանչյուր կենդանու մահ, ծառի հատում վերաբերում է ոչ միայն անհատներին, այլ ողջ մարդկությանը, վստահ է նկարչուհին և ցուցահանդեսով ցանկանում է բարձրաձայնել, որ եթե ապագայում այսպես շարունակվի, պարզ չէ, թե ինչ կլինի, ու պետք է գնահատել ունեցածը:

Անժելիկան նկարում է հիմնականում կենդանիներ. «Մի տեսակ մարդկանց շատ են նկարում: Իսկ ես կենդանիներ շատ եմ սիրում, մարդկանց դիմագծերը բազմազան են, բայց ոչ այնքան, որքան կենդանիներինը, նրանցից յուրաքանչյուրին յուրովի կարող ես ներկայացնել»:

Նա ընդգծեց, որ նկարելիս որևէ կենդանու նախապատվություն չի տալիս, քանի որ իրեն հետաքրքիր են բոլոր կենդանիները` կլինի դա կետ, փիղ, անգամ խավարասեր: Անժելիկայի համար նրանցից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և այն, ինչ ստեղծվել է բնության կողմից, գեղեցիկ է:

Նկարչուհին խոստացավ, որ թեև դեռ քանդակներ չի ներկայացրել, բայց ապագայում պատրաստվում է:

Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ կենդանասերներ, ովքեր եկել էին իրենց շների և կատուների հետ: «Դինգո» թիմը ներկայացրել էր նաև որդեգրման ենթակա իր կենդանիներին, որոնցից մի քանիսը հենց տեղում որդեգրվեցին: Տեղի ունեցավ նաև կենդանիների համար նախատեսված սննդահավաք և դրամահավաք:
