ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի– Sputnik. Կարմիր խաչի հայկական ընկերությունը (ԿԽՀԸ) երկրում կազմակերպում է Առաջին օգնության ցուցաբերման հանրապետական մրցումներ։ Նախօրեին Ծաղկաձորում անցկացվեցին հերթական մրցումները, որոնց մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող տասը թիմեր։

Պայմանական «կայաններում» բեմադրվել էին իրական պայմաններին առավելագույնս մոտ դժբախտ պատահարներ, իսկ մրցումների մասնակիցները հերթով անցնում և ցուցադրում էին իրենց հմտություններն ու գիտելիքները ամենատարբեր «արտակարգ իրավիճակներում»։
Այս անգամ բեմադրվել էր մի քանի արտակարգ պատահար, այդ թվում` «դանակով հասցված վնասվածք», «կոտրվածքներ», «սրտի կաթված»։ Մասնակիցները ցուցադրեցին իրենց հմտությունները «սիրտ–թոքային վերակենդանացման» ոլորտում, մշակեցին «այրվածքներ», վիրակապեցին «վերքեր», դադարեցրեցին «արնահոսություններ», օգնեցին «գլխի և որովայնի շրջանում ստացված վնասվածքների» դեպքում։ Նրանք նաև չվախեցան «ալկոհոլային թունավորումներից», «գիտակցության կորստից», անգամ «անդամահատությունից»։

«Այսօր Ծաղկաձորում անցկացվեցին Կարմիր խաչի հայկական ընկերության կամավորական թիմերի առաջին օգնության ցուցաբերման թվով 11–րդ մրցումները», – Sputnik Արմենիա պորտալին ասաց ԿԽՀԸ–ի առաջին օգնության բաժնի ղեկավար Արմինե Պողոսյանը։

Նրա խոսքով`մրցումների նպատակն է պատրաստել արագ արձագանքման թիմեր, որոնք կկարողանան որևէ միջադեպի ժամանակ արձագանքել մեկ ակնթարթում` մինչև շտապօգնության ժամանելը։
«Ծաղկաձորի կենտրոնական մասում ընդհանուր առմամբ մենք տեղակայել ենք առաջին օգնության յոթ «կայաններ», որտեղ բեմադրվում են դժբախտ պատահարներ, և Հայաստանի տարբեր մարզերի թիմերը ցուցաբերում են առաջին օգնություն, իսկ մրցավարները գնահատում են նրանց աշխատանքը», – ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ այս տարի մրցումներին մասնակցել է տասը թիմ, այդ թվում` չորսը Տավուշի մարզից, որտեղ առաջին օգնության ցուցաբերման հմտությունները հատկապես կարևոր են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ սահմանի մոտ հաճախ են միջադեպեր գրանցվում։