Իրանահայ լուսանկարչուհի Նեուշա Թավաքոլյանը հաղթել է Prince Claus մրցույթում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թավաքոլյանը, ով աշխատել է Իրաքի և Սիրիայի «թեժ կետերում», պատմել է, թե ինչպես է պատրաստվում ծախսել Prince Claus հիմնադրամից ստացած դրամական պարգևը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Իրանահայ լուսանկարչուհի, 34–ամյա Նեուշա Թավաքոլյանը հաղթել է Prince Claus հոլանդական հիմնադրամի մրցույթում, նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նրա ցուցահանդեսը կկազմակերպվի Ամստերդամի պատկերասրահում 2015 թ.–ի նոյեմբերի 27–ից մինչև 2016 թ.–ի մարտի 4–ն ընկած ժամանակահատվածում։

«Նեուշա Թավաքոլյանն ինքնուս լուսանկարչուհի է, որը միավորել է ֆոտոլրագրությունն ու արվեստը` Իրանի և Մերձավոր Արևելքի բնակչության կյանքի նկատմամբ նոր հայացք առաջարկելու համար։ Լինելով Իրանում աշխատող առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչներից մեկը` նա պատրաստել է ինչպես քաղաքական իրադարձությունների մասին համարձակ ռեպորտաժներ, այնպես էլ միջին դասի անապահով երիտասարդների, քուրդ կին գրոհայինների մասին պատմող հուզիչ դիմանկարներ և այդ մարդկանց կյանքի վրա պատժամիջոցների ազդեցության մասին ուրվագծեր», – «Prince Claus Fund» պաշտոնական կայքում այսպես են բնութագրում Թավաքոլյանի ստեղծագործական գործունեությունը։

 
Նեուշան Facebook–ի իր էջում գրել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում ծախսել դրամական միջոցները։ 

 «Ցավոք, ինձ համար դժվար է վայելել այս մրցանակն այնպես, ինչպես ցանկանում եմ` տեսնելով, թե ինչպես հազարավոր մարդիկ փախստականներ են դառնում այն տարածաշրջանում, որտեղ ես աշխատել և ապրել եմ», – գրել է Թավաքոլյանը։

Նա պատրաստվում է 15 հազար եվրոն փոխանցել սիրիացի և իրանցի փախստականներին։ «Աշխատել եմ այդ երկու երկրներում և ցանկանում են շնորհակալություն հայտնել այն բարության համար, որով այդ երկրների բնակիչները վերաբերվում էին ինձ` չնայած կյանքի ծանր հանգամանքներին», – գրել է Թավաքոլյանը։

Եվս 13 հազար եվրո կփոխանցվի երկու երիտասարդ լուսանկարիչների ամենամյա դրամաշնորհին, ինչպես նաև իրանցի վավերագրող լուսանկարիչների համար նախատեսված հնգամյա կրթական նախագծին։ Թավաքոլյանը 10 հազար եվրո կփոխանցի Mahak բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին։

«Կենդանիներն իմ կյանքի սերն են, և Իրանում կան մի քանի լավ կազմակերպություններ, որոնք օգնում են նրանց։ Ես յոթ հազար եվրոն կկիսեմ այդ կազմակերպությունների միջև», – գրել է Թավաքոլյանը։

Իր հաղթանակը լուսանկարչուհին նվիրել է բոլոր գործընկերներին, «որոնք վտանգում են կյանքը` պատմելու համար պատմություններ, որոնք ոչ ոք չի լսում»։

Լրահոս
0