ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 17-19–ը Երևանում անցկացվում է Yerevan Jazz Fest 2015 փառատոնը, որին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մի շարք հայտնի երաժիշտներ։
Փառատոնը մեկնարկել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ելույթով` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և հայտնի վրացի երգչուհի Նինո Կատամաձեի մասնակցությամբ։ Համերգին մասնակցում էին նաև Արցախի ջազ նվագախումբը, ջազմեններ Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը, Սերգեյ Մանուկյանը և այլ երաժիշտներ։
Հատկապես հիշարժան է լինելու եզրափակիչ համերգը. դիրիժոր և երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի արվեստին նվիրված համերգին ելույթ կունենան Մարիամ և Արմեն Մերաբովները` Արմեն Հյուսնունցի ղեկավարած Պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Ելույթ կունենան նաև Վազգեն Ասատրյանը, Էռնա Յուզբաշյանը, Հյուբերտ Թաբսը։
Փառատոնի գլխավոր հյուրն է հայտնի վոկալիստ Ռիչարդ Բոնան։
Mezzo TV ֆրանսիական հեռուստաընկերությունը տասը օր շարունակ ամեն օր հինգ անգամ կլուսաբանի փառատոնը։
































