ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Օրերս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել էր ռազմավարական ապրանքի (գազ, նավթ, ուրան) վաճառքն իրականացնելու ժամանակ անցնել ռուբլով հաշվարկի` հրաժարվելով դոլարին կապված մնալուց։
«ԵՏՄ–ում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փոխադարձ հաշվարկների կիրառումն իրականացնել ազգային արժույթներով և կրճատել դոլարիզացիայի գործընթացը։ Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ վաճառքը ռուբլով իրականացնելու գաղափարը` առանց դոլարին կապված լինելու», – հայտնել էր ՀՀ վարչապետը, ում հետ համաձայնել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ընդգծելով, որ ԵՏՄ երկրների ծանր տնտեսական դրությունը պետք է խթանի ջանքերի համախմբումը։
Հեռանկարները հասունանում են
Աբրահամյանի առաջարկը հայկական նորամուծություն չէր։ Հեռանկարներ էին հասունանում։ Աշխարհում արդեն երկար ժամանակ խոսում են «դոլարային անեծքի» մասին։ Համաշխարհային առևտուրն առաջվա պես իրականացվում է հիմնականում դոլարով։ Սա նշանակում է, որ արժեզրկման ռիսկերը կապված են ամերիկյան արժույթի փոխարժեքի հետ։ Բացի այդ, 2014 թվականի տվյալների համաձայն, արտասահմանյան արտարժույթի պահուստների միջազգային կուտակումների 63%-ը պահվում է դոլարով և ընդամենը 22%-ը` եվրոյով։ Իսկ ԵՏՄ շրջանակում վճարային շրջանառության շուրջ 50%-ը բաժին է ընկնում դոլարին և եվրոյին։
Այս կապակցությամբ շատ պետություններ սկսել են բարձր մակարդակով խոսել ազգային տնտեսության ապադոլարացման անհրաժեշտության մասին։ Եվրասիայի տարածքում ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ սրացումից հետո ավելի հաճախ են սկսել դոլարից հրաժարվելու քաղաքական հայտարարություններ հնչել։ ԵՏՄ երկրներից կառավարության մակարդակով տնտեսության ապադոլարացման գործընթացի սկզբի մասին որոշում է կայացրել Ղազախստանը։
Ռուսաստանի` դեպի Ասիա միտված լինելու հատկանիշները և Չինաստանի հետ էներգառեսուրսների վաճառքի ակտիվացումը նույնպես ուղեկցվում է ազգային արժույթով միջպետական առևտուրն իրականացնելու անհրաժեշտության մասին խոսակցություններով։ Այնուհետև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է մտցրել, որը ենթադրում է այնպիսի մեխանիզմի ստեղծում, որը թույլ կտա ԱՊՀ–ում հրաժարվել դոլարից։ Սա նշանակում է նոր միասնական ֆինանսական շուկայի ստեղծում` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և այլ երկրների միջև։
ԵՏՄ երկրների շրջանակում արդեն քննարկվել են ազգային արժույթի անցնելու, այնուհետև միասնական արժութային գոտի ստեղծելու հարցը։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներին անցումը պետք է իրականացվի 2025-2030 թվականներին։ Հենց այդ պահից լուրջ քննարկումներ կսկսվեն միասնական արժութային գոտի ձևավորելու մեխանիզմներ ստեղծելու մասին։
Ապադոլարացման գաղափարի իրականացման դեմ ոչ ոք հրապարակային ելույթ չի ունեցել, սակայն փորձագետներին մի հարց է հուզում. «Ինչպե՞ս դա անել, և գլխավորը` հնարավո՞ր է այն հիմա կամ մոտ ապագայում իրականացնել գործնականում»։ Ոմանք կարծում են, որ ԵՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների առևտրի փոխադարձ հաշվարկները հնարավոր է իրականացնել ռուբլով։ Ոմանք էլ կարծում են, որ ՀՀ վարչապետի առաջարկը մինչև վերջ մտածված չէ։
Սակայն վերլուծաբանների կարծիքով` գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է սկբում զարգացնել եվրասիական միավորման անդամ երկրների տնտեսությունը։ Ցանկացած ազգային արժույթի կայունությունը, այս պարագայում ` ռուբլու, ուղղակի կապված է Ռուսաստանի տնտեսության զարգացվածության մակարդակի հետ։
Կշահե՞ն բոլորը
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետի` ռազմավարական ապրանքների վաճառքի ժամանակ անցում կատարել ռուբլու, առաջարկի իրականացման հնարավորությունը բավականին մեծ է։
«Սա ռեալիստական գործընթաց է և ամբողջովին տեղավորվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՊՀ երկրների միջև առևտրի իրականացման ժամանակ դոլարից և եվրոյից հրաժարվելու առաջարկի մեջ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստում է Աշոտ Թավադյանը` ավելացնելով, որ ռուբլով առևտուր իրականացնելը շահավետ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար։
Նշված առաջարկի իրագործման ժամանակ ռուբլու պահանջարկը կմեծանա, ինչը կամրապնդի նրա դիրքերը։
«Ընդլայնվում են ռուբլով առևտուր անելու մասշտաբները, ինչը ձեռնտու է Ռուսաստանին։ Այս գործընթացը կնպաստի ռուբլու կայունացմանը, ինչը դրական կազդի ՌԴ–ի տնտեսության վրա։ Սակայն դրա համար անհրաժեշտ է բարձրացնել դրամայնացման մակարդակը և Միության շրջանակում անցկացնել համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն։ Այդ դեպքում ռուբլուն անցնելը արդարացված կլինի և ցանկալի արդյունք կտա», – կարծում է տնտեսագետը։
Հայաստանին, տնտեսագետի խոսքերով, ռազմավարական ապրանքների առևտուրը ռուբլով ձեռնտու է արժեզրկման ռիսկերը նվազեցնելու և իր տնտեսության կայունացման համար։ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է վարչապետի նշած ռազմավարական ապրանքները։
«Ռուբլուն անցնելը Հայաստանի համար ձեռնտու է, քանի որ տրանսֆերտների տեսքով երկիր մտնում է մոտ 1.5 մլրդ դոլար ռուբլով։ Իսկ սա բազմակի անգամ գերազանցում է դոլարային տրանսֆերտների ընդունման ծավալները։ Հարց է առաջանում` ուր տեղավորել ռուբլային դրամական զանգվածների այսպիսի ծավալները։ Իսկ մենք ստանում ենք, ասենք, տարեկան 400 մլն դոլարի գազ Ռուսաստանից։ Այսինքն` հայկական արժութային շուկայում կուտակված ռուբլու զանգվածը կարելի է ուղղել գազի գնմանը», – ընդգծել է նա։
Թավադյանի կարծիքով` ռուբլու օգտագործումը Ռուսաստանից գազ կամ նավթ գնելու համար կարող է հանգեցնել այդ ապրանքների գների որոշակի նվազման։ «Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը (որով այժմ կատարվում է փոխադարձ հաշվարկը) ավելի է նվազել, քան դրամի փոխարժեքը։ Այդ առաջարկության իրագործումը կարող է մի փոքր նվազեցնել Հայաստանի գազն ու էլեկտրաէներգիան, ինչը, իհարկե, դրական է ազդում երկրի տնտեսության վրա»,– հավելել է նա։
Ակնարկ Ռուսաստանից
Հայ վարչապետի առաջարկության իրագործման հարցում առանձնապես խնդիր չի տեսնում նաև տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։
«Ապրանքային ցանկացած շրջանառությունը պետք է իրականացվի ինչ–որ դրամական միավորով, ինչը տվյալ դեպքում ապրանքի արժեքի չափորոշիչն է։ Տվյալ դեպքում ԵՏՄ–ում ամենախոշոր տնտեսությունը և նավթի ու գազի մատակարարը Ռուսաստանն է։ Այդ իմաստով ճիշտ կլինի, որ ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրը ռուբլով տարվի»,– նշել է Բոստանջյանը Sputnik–ի հետ զրույցում։
Ըստ նրա` դոլարից կախվածությունը և դրա փոխարժեքի պարբերական տատանումները ֆինանսական շահարկումների մեծ տեղ են թողնում։
«Դրանից տուժում է միայն երկրի բնակչությունը, և շահ են ստանում վերավաճառողները։ Իսկ խոսակցություններն այն մասին, թե Աբրահամյանի առաջարկն ամբողջությամբ չէր մտածված, սխալ և ոչ պրոֆեսիոնալ եմ համարում։ Եթե այդպիսի առաջարկով հանդես է գալիս պետության վարչապետը, նշանակում է, որ այդ հարցն առնվազն մանրամասն քննարկում է անցել երկրում, և Մոսկվայից դրական արձագանք է ստացվել այդ հարցով»,– նշում է տնտեսագետը։
Ըստ նրա` նույնիսկ փորձագետների շուրթերից հնչած «ոչ ադեկվատ գնահատականները» հայ–ռուսական գործակցության հասցեին «լավ կամ վատ»–ի պրիզմայով անցկացված պրիմիտիվ վերաբերմունքի արդյունք է երևույթների նկատմամբ։
«Լավն է Ռուսաստանը, թե ոչ, նշանակություն չունի։ Ռուսաստանն իր շահերն ունեցող պետություն է։ Հայաստանն էլ` իր։ Տվյալ դեպքում դրանք համընկել են, նշանակում է` պետք է դրանից առավելագույն շահ ունենալ»,– պարզաբանել է նա։
Բոստանջյանը միաժամանակ նշել է, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն մեծ «ստորջրյա քարեր», որոնք խոչընդոտում են դոլարից հրաժարվելու գաղափարի իրագործմանը։
«Դա ԵՏՄ երկրների թույլ զարգացած տնտեսությունն է, ինչն ուղղակիորեն ազդում է ազգային արժույթների փոխարժեքի կայունության վրա։ Նախքան ռուբլով առևտուր անելն անհրաժեշտ է լուծել տնտեսական զարգացման հետ կապված խնդիրը»,– հավելել է նա։
Ռուսաստան – Հայաստան. ռուբլային անցում
ԵՏՄ երկրների շրջանում արդեն քննարկվել են ազգային արժույթի անցնելու, իսկ այնուհետև միասնական արժութային գոտի ստեղծելու հարցերը