ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Սրտի շողացող առիթմիայից տառապող մի քանի հազար մարդկանց առողջության լայնամասշտաբ հետազոտություններն ապացուցում են, որ սուրճի օգտագործումը չի նպաստում սրտանոթային համակարգի հետ խնդիրների զարգացմանը, ասվում է BMC Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։
Շողացող առիթմիան ամենատարածված հիվանդություններից է` կապված սրտի ռիթմի խանգարման հետ։ Այն կարող է հանգեցնել թրոմբերի առաջացման և սրտի աշխատանքի դադարի։ Թրոմբերի գոյացումը նախասրտերի կրճատման խախտման հետևանքով, որպես կանոն, տեղի է ունենում ձախ նախասրտի փորոքում։ Արյան այդ թանձրուկները կարող են արյան միջոցով ընկնել տարբեր օրգաններ, մասնավորապես, գլխուղեղ և առաջացնել իշեմիկ կաթված։
Ուպսալի (Շվեդիա) Կարոլինյան ինստիտուտից Սյուզաննա Լարսոնը և նրա գործընկերները պարզել են, որ սուրճի և կոֆեին պարունակող այլ ըմպելիքների օգտագործումը չի նպաստում այդ հիվանդության զարգացմանը` անցկացնելով հետազոտությունների հսկայական ծրագիր, որին մասնակցել են ԱՄՆ–ի և Շվեդիայի 80 հազար քաղաքացիներ, և այն շարունակվել է 12 տարի։
Այդ ուսումնասիրության շրջանակում գիտնականները հարցրել են գիտափորձի մասնակիցներին, թե որքան հաճախ են նրանք սուրճ խմում և հետևել են նրանց սրտի և անոթների առողջական վիճակին։ Գիտնականների կարծիքով` շողացող առիթմիայից տառապել է շուրջ յոթ հազար կին և տղամարդ։
Կրկնակի անալիզը հաստատել է կոֆեինի և սրտի խնդիրների միջև կապի բացակայությունը, թեև այն բացահայտել է, որ սուրճը շատ թույլ, բայց մեծացրել է տղամարդկանց մոտ առիթմիայի զարգացման շանսերը և նվազեցրել կանանց մոտ այդ հիվանդության նկատմամբ հակվածությունը։ Լարսոնը և նրա գործընկերները հետագա հետազոտությունների ընթացքում փորձում են հասկանալ, թե դա ինչու է տեղի ունենում։
«Ընդհանուր առմամբ մենք ոչ մի ապացույց չենք գտել, որ սուրճ խմելը կարող է ավելացնել շողացող առիթմիայի զարգացման վտանգը։ Դա կարևոր է, քանի որ այդ բացահայտումը ցույց է տալիս, որ սուրճ սիրող և սրտի առողջության համար անհանգստացող մարդիկ կարող են շարունակել խմել այն, համենայն դեպս չափավոր քանակով և չդառնալ այդ հիվանդության զոհը»,– ասել է Լարսոնը։