ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնիայում գիտնականները մեծ հաջողություններ են գրանցել արհեստական երիկամի ստեղծման գործում, ինչը թույլ կտա փրկել բազմաթիվ մարդկանց, ովքեր սպասում են դոնորական օրգանների, հայտնում է nat-geo.ru կայքը:
Փոխպատվաստման անհրաժեշտություն պահանջող երիկամային հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Միայն Մեծ Բրիտանիայում այս պահին երիկամի փոխպատվաստման է սպասում ավելի քան 6000 մարդ, սակայն դոնորների պակասի պատճառով ամեն տարի 3000–ից էլ քիչ վիրահատություն է անցկացվում: Ամբողջ աշխարհում տարեկան մահանում է ավելի քան 350 մարդ` դոնորական երիկամ չստանալու պատճառով: Տոկիոյի բժշկական համալսարանի մասնագետների ստեղծած նոր մեթոդը կարող է օգնել նման հիվանդներին:
Արհեստական օրգանի ստեղծման փորձերը կատարվել են առնետների և խոզերի վրա` օգտագործելով կենդանիների ցողունային բջիջները: Առաջին փուլում աճեցված երիկամն օրգանիզմն այդքան էլ վատ չի «ընդունել», բայց դժվարությամբ է հեղուկ անցկացրել: Այդ ժամանակ գիտնականները փոխել են մոտեցումը` նրանք սկսել են երիկամի հետ միաժամանակ միզածորան և միզապարկ աճեցնել: Այդպիսով, նրանք փոխպատվաստել են կենդանիների միզարտադրության ամբողջ համակարգը:
Փորձի հաջողության մասին հայտարարվել է վիրահատությունից ութ շաբաթ անց` օրգաններն ընտելացել են և շարունակել գերազանց կատարել իրենց ֆունկցիաները: Դա թույլ է տալիս անցնել մարդու համար արհեստական երիկամի ստեղծման աշխատանքներին:
Լաբորատորիայում երիկամներ կաճեցնեն
09:53 24.09.2015 (Թարմացված է: 17:43 12.10.2015)

© Sputnik / Юрий Иванов
/ Ճապոնացի գիտնականներին հաջողվել է արհեստական երիկամ աճեցնել