ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք։
Ինչպես նշվում է ոստիկանության պաշտոնական կայքում, Մելսիդա Դանիելյանը սակարկելու արդյունքում համաձայնել է կարգը հաստատել 30.000 դրամով:
«Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժին ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին Մելսիդա Դանիելյանն իր աշխատասենյակում նշված քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կատարվում է քննություն: