ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի–Sputnik. Իրանի բանակի գլխավոր հրամանատարի հայտարարությունն շատ մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև բոլորը սպասում էին, որ միջուկային հիմնահարցի շուրջ համաձայնություն ձեռքբերելուց հետո 180 աստիճանով կփոխվի տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունը, Իրան-Իսրայել փոխհարաբերությունների տրամաբանությունը, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի հարցերով փորձագետ Ռուդիկ Յարալյանը՝ մեկնաբանելով գեներալ-մայոր Այաթոլլա Սալեհիի հայտարարությունը` տեսանելի ապագայում Իսրայելը ոչնչացնելու մասին:
«Այս զարգացումների ֆոնին, երբ հնչում է նման հայտարարություն, ապա ինչ-որ տեղ տրամաբանական է, որ որոշակի աղմուկ է բարձրանում: Սակայն պետք է նշեմ, որ սա նորություն չէ. Իրանի արտաքին քաղաքականությունը՝ իսլամական հեղափոխությունից ի վեր, անշեղորեն գիծ է ընտրել և այդ գծով առաջ է ընթանում», – նշել է իրանագետը
Նրա կարծիքով` անիմաստ էր համարել, որ կտրուկ ձևով կփոխվի Իրանի և Իսրայելի հարաբերությունների տրամաբանությունը՝ այդ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո։
Յարալյանն ավելացրել է, որ նախ Իսրայելը չողջունեց այդ պայմանագրի ստորագրումը, ավելին՝ քննադատեց այն:
«Բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա. ԱՄՆ-ից պարբերաբար հնչում էին հայտարարություններ, որ այդ համաձայնագիրը դեռևս չի նշանակում Իրան- ԱՄՆ հարաբերությունների կարգավորում: Ինչպես տեսնում ենք, դրա նշույլներն անգամ դեռ չեն նկատվում, թեև պատժամիջոցների վերացումն արդեն օրակարգային հարց է և կոնկրետ ժամանակահատված է նշվել դրանք վերացնելու համար»,-ասել է նա:
Յարալյանի կարծիքով` միջուկային հիմնախնդիր շուրջ համաձայնությունը բնավ չի ենթադրել և այսօր էլ չի ենթադրում, որ Իրանը փոխելու է իր տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը:
Նա հավելել է, որ Իրանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հավակնություններ ունի տարածաշրջանում` ստանձնելու իսլամական երկրների առաջատարի դերը և, այդ տրամաբանությունից ելնելով էլ կառուցելու է իր արտաքին քաղաքականությունը
«Այս համատեքստում Իսրայելը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան նրա ամենագլխավոր մրցակիցներն են, և ակնկալել, որ այդ պայմանագիրը կարող է որևէ կերպ ազդել Իրանի տարածաշրջանային քաղաքականության վրա, մասնավորապես՝ այս երկրների նկատմամբ վարած քաղաքականության վրա, կարծում եմ` միամտություն է»,-նշել է իրանագետը։
Նրա կարծիքով` Իրանից հնչած հայտարարությունը, բնականաբար, չմնաց անարձագանք:
«Իսրայելի վարչապես Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո ԻԻՀ-ի ագրեսիան ավելացել է», – նշել է նա։
Իրանագետը, սակայն, Նեթանյահուի խոսքերն այնքան էլ անկեղծ չի համարում:
Նա հիշեցնում է Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիները, երբ Իրանը հանդես էր գալիս շատ ավելի կոշտ հայտարարություններով և շատ ավելի հաճախակի:
«Ուղղակի այս անգամ այս հայտարարությունն ավելի ցավալի ընդունվեց, քանի որ ակնկալիքները, որ Իրանը կփոխի իր արտաքին քաղաքականության որոշ գծեր, շատ ավելի մեծ էին»,-եզրափակել է Իրանի հարցերով փորձագետը:
Փորձագետ. անիմաստ էր կարծել, թե կփոխվի Իրան - Իսրայել հարաբերությունների տրամաբանությունը
13:50 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)
© SputnikИран

© Sputnik
Յարալյանի կարծիքով` միջուկային հիմնախնդիր շուրջ համաձայնությունը բնավ չի ենթադրել և այսօր էլ չի ենթադրում, որ Իրանը փոխելու է իր տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը