ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերին– Sputnik. Էլմիրա (Էմմա) Մանյանը` Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդը, համաձայնել է Sputnik Արմենիային պատմել իր և իր աշխատանքի մասին։
Sputnik Արմենիայի թղթակիցներն իրենց աշխատանքային օրը սկսեցին Էլմիրա Մանյանի հետ տրոլեյբուսի դեպոյում, որը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասերից մեկում։ Տրոլեյբուսի վարորդի աշխատանքային օրը վաղ է սկսվում` առավոտյան ժամը 7–ին։ Տրոլեյբուսը «մարտական պատրաստվածության» վիճակի է բերվում, և Հայաստանում ավանդական առավոտյան մեկ բաժակ սուրճից հետո Մանյանը սկսում է իր աշխատանքային օրը։
«Տրոլեյբուսի վարորդը հենց էլ կնոջ մասնագիտություն է, թեպետ հիմա միայն ես եմ տրոլեյբուս վարում։ Մանկուց երազել եմ դրա մասին։ Վաղ տարիքից երազում տեսնում էի, որ ես ղեկին եմ, վարորդ եմ։ Անցան տարիներ, իսկ երազանքը մնաց։ Բացի այդ, ես միշտ, նույնիսկ խաղերում, առաջնորդ եմ եղել»,– այդպես է բացատրում մասնագիտության իր ընտրությունը Մանյանը։
Նա զավեշտալի պատմություն հիշեց այն մասին, թե ինչպես է փաստաթղթերը ներկայացրել սովորելու համար։
«Ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում վարել, պատասխանեցի ցանկացած բան, որն անիվներ ու ղեկ ունի։ Ինձ ձողերը չեն խանգարում»,– ծիծաղով հիշեց Էմմա տատիկը 30 տարվա վաղեմության պատմությունը։
Մանկական երազանքի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում տրամվայը. չէ՞ որ այդ տրանսպորտային միջոցը ղեկ չունի։ Էլմիրան պատմեց այն մասին, որ երբ նախկինում ցանկացել են վարորդ աշխատել, ցանկացողներն արտաքին տեսքի և առողջական վիճակի յուրահատուկ «կասթինգ» են անցել։ Ընդ որում ոչ բոլորին է հաջողվել անցնել այն։
Ընտանիքում ո նրա մասնագիտության ընտրության հարցով չ մի խնդիր չի ծագել ։
«Իմ մայրը կռունկավար է աշխատել Ալավերդիում։ Նա ինքն է խորհուրդ տվել ինձ սովորել տրոլեյբուսի վարորդի դասընթացները։ Իմանալով, որ ցանկանում եմ վարորդ դառնալ, նա ինձ ընդառաջեց, օգնեց, ինչով կարող էր։ Մայրս շատ ուժեղ կին էր, այլապես թույլ չէր տա ինձ դա անել»,– պատմեց Մանյանը։
Նրա խոսքով` նախկինում Երևանի տրոլեյբուսի պարկում աշխատել են կանայք, բայց նրանց աստիճանաբար փոխարինել են տղամարդիկ։
«Հիմա բոլոր գործընկերներս ինձ հարազատ մարդ են համարում, թեև սկզբից դժվարությամբ ընդունեցին։ Ոչ թե կոնկրետ ինձ, այլ ընդհանրապես կնոջը` որպես տրոլեյբուսի վարորդի։ Ինձ վիրավորում էին, անպարկեշտ խոսքեր ասում»,– ասաց Մանյանը։
Նա համոզված է, որ տրոլեյբուս վարելու մեջ ոչ մի բարդ բան չկա։ Հակառակը, ունենալով 30–ամյա աշխատանքային փորձ` նա միշտ օգնում է նոր վարորդներին, ցույց տալիս, թե ինչ անել, ինչպես վերացնել անսարքությունները։
Գնահատելով անցած ուղին, ինչպես նաև իր մասնագիտության դրական և բացասական կողմերը` Էլմիրան դրական է համարում այն, որ մեր բարդ ժամանակներում նա աշխատանք ունի։
«Վատ է այն, որ Երևանում շատ ծանրաբեռնված է երթևեկությունը, կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հաշտվել տրոլեյբուսների գոյության փաստի հետ, անհամբեր սպասում են, թե երբ կանհետանան դրանք։ Տրոլեյբուսները հայերի նման եղել են, կան և կլինեն։ Թեև վերջինը շատ առումներով կախված է մեր ղեկավարությունից»,– ասաց նա։
Նա հիմնական խնդիրը տեսնում է տրոլեյբուսի պարկի մաշվածության մեջ, իսկական գլխացավանք է դառնում պահեստամասեր որոնելը։
«Ուղևորների հետ խնդիրներ չունեմ։ Ես մտնում եմ մարդկանց դրության մեջ, որոնք ասում են, որ փող չունեն վճարելու համար։ Ես միշտ նրանց տանում եմ, մերժում եմ միայն հարբեցողներին։ Նույնիսկ եթե ասում են, որ իրենց հյուրասիրել են, պատասխանում եմ, որ թող 50 դրամ էլ խնդրեին»,– պատմեց Էլմիրան։



















