Քաղաքագետ. Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը սեփական ռազմական ներուժն է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մելիք–Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի սեփական ռեսուրսներով՝ սեփական ներուժը ծառայեցնելով պետության անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի սեփական ռեսուրսներով՝ սեփական ներուժը ծառայեցնելով պետության անվտանգությանը, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով սահմանային լարված իրավիճակը և դրա ֆոնին միջազգային կառույցների անգործությունը:

Քաղաքագետի կարծիքով՝  Հայաստանի Հանրապետության գլխավոր ուղերձը պետք է լինի այն, որ միջազգային ինստիտուտները բավական թույլ են և չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա՝ ստիպելով այդ երկրին զերծ մնալ ռազմատենչ քաղաքականությունից։

«Հետևաբար խնդիրը պետք է լուծել սեփական ռեսուրսներով: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ քաղաքականությունն էլ որդեգրել է, համենայնդեպս, նախագահ Սերժ Սարգսյանի ու Պաշտպանության նախարարության հայտարարությունները դա են վկայում», – նշել է Մելիք–Շահնազարյանը։

Այն հարցադրմանը, թե արդյո՞ք Ադրբեջանի վերջին սադրանքներն այն  «կարմիր գծերը» չեն, որոնք, ըստ ՀԱՊԿ-ի, Ադրբեջանը պետք է հատեր,  Մելիք-Շահնազարյանը նշել է, որ «կարմիր գծերը» որոշելու է ոչ թե ՀԱՊԿ-ն, այլ Հայաստանի իշխանությունները:

«Այստեղ ամեն ինչ կախված է լինելու հենց պաշտոնական Երևանի դիրքորոշումից, իսկ վերջինս այս պահին դեռևս նման աջակցության կարիք չունի», – հայտնել է քաղաքագետը։

Նրա կարծիքով` հայկական բանակն ի վիճակի է լուծել իր առջև դրված մարտական խնդիրները և փորձելու է բավարարվել իր ունեցած պոտենցիալով:

«Մինչ այս պահը ոչ մի աջակցության խնդիր չի եղել և լինելու պարագայում էլ Հայաստանը կստանա այն, ինչ սահմանված է ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ»,-վստահեցրել է քաղաքագետը:

Մելիք–Շահնազարյանը հավելել է, որ բոլոր դեպքերում, ցանկացած տիպի զարգացումներում, միևնույնն է, Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը սեփական ռազմական ներուժն է։

«Սա ճշմարտություն է աշխարհի ցանկացած պետության համար: Կարծում եմ, սա գործում է նաև մեր պարագայում»,-ընդգծել է քաղաքագետը:

Լրահոս
0