ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից գոյացած հոնորարը պատրաստվում է փոխանցել Բաղանիսի գյուղապետարանին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Մի քանի օր առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել էր «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված գումարի մի մասի հաշվին որևէ ծրագիր իրականացնել սահմանամերձ գյուղերից մեկում:
Առաջարկը մեծ արձագանք էր ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, Բախշյանի առաջարկին միացել էին բազմաթիվ օգտատերեր, ստորագրահավաք էր սկսվել։ Սակայն այս առաջարկը դրական ընթացք չստացավ, և քաղաքապետերանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումներն իրականացվելու են ամբողջությամբ։
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր էջում գրել է. «Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից, չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:
Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար»:
Նա նշել է, որ խոր ցավով է տեղեկացել սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում»,– գրել է Պեպելյանը:
Երգչուհին նշել է, որ ինչպես շատ երաժիշտներ, ինքը նույնպես Երևանի տոնին մասնակցելու համաձայնությունը մեկ ամիս առաջ է տվել:
«Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ` համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ–որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը»,– գրել է Պեպելյանը: Նա կոչ է արել բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ։ «Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,– այսպես է իր գրառումն ավարտել երգչուհին:
Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից գոյացած հոնորարը կփոխանցի Բաղանիսին
15:55 29.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)
© Личная страница в FacebookПевица Кристине Пепелян

Արդեն մի քանի օր է` համացանցի ակտիվ օգտատերերի մի ստվար զանգված պահանջում է, որ Երևանի քաղաքապետարանը չեղյալ համարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները