ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնն ու Ամալ Քլունին կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «հաղթանակ է Հայաստանի համար», հաղորդում asbarez.com–ը:
Փաստաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք գոհ են այն փաստի առիթով, որ Հայաստանի կառավարության անունից ներկայացված փաստարկներն աջակցություն են գտել: «Հայաստանը գործին խառնվեց միայն մեկ պատճառով. ստորին ատյանի դատարանը կասկածի տակ էր դրել փաստը, որ 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Որպես փաստաբան՝ մենք ձգտում էինք ուղղել այդ լուրջ սխալը, և Գերագույն պալատն արեց դա: Այսօրվա դատը չի վիճարկում հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավորներն ասացին, որ հարցն ընդհանրապես չի դիտարկվելու, իսկ յոթ դատավորներ էլ հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է»,- ասված է հայտարարությունում:
Բացի այդ, այս որոշումը սատարում է իրենց արժանապատվությունը` պաշտպանելու հայերի իրավունքը: Փաստաբանների կարծիքով` դատարանի այսօրվա որոշումը, որը պնդում է արտահայտման ազատության կարևորությունը, լուրջ հետևանքներ ունի Թուրքիայի համար, որը խոսքի ազատության տեսանկյունից վատագույն վարկանիշն ունի ՄԻԵԴ-ի բոլոր երկրների շրջանում: Թուրքիան այլևս չի կարողանա արդարացնել այնպիսի անձանց դեմ դատական հետապնդումները, ինչպես Հրանտ Դինքը, որոնց մեղադրում է «թուրք ժողովրդին վիրավորելու մեջ»:
«Այդպիսի հետապնդումներն ակնհայտորեն հակասում են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սկզբունքին՝ Փերինչեքի գործի մեկնաբանությամբ: Մենք Թուրքիային կոչ ենք անում չեղյալ հայտարարել 301 հոդվածը և դադարեցնել հետապնդումները»,- հայտարարել են նրանք:
Նրանց կարծիքով` Փերինչեքը «սադրիչ է, որին չի կարելի զոհ համարել, ինչին նա այդքան ձգտում էր»: Ռոբերթսոնն ու Քլունին նշել են, որ դատարանը մերժել է 120 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին նրա պահանջը, ավելին, ոչ ոք չի վճարի նաև նրա դատական ծախսերը:
Հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Որոշման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ից չի պահանջվում սահմանում տալ, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող է որպես Ցեղասպանություն բնորոշվել, և որ ՄԻԵԴ-ն իրավասու չէ այդ հարցին իրավաբանական ուժ ունեցող գնահատական տալ:
Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնորոշվել էր որպես պատմականորեն վիճելի փաստ: Հենց այդ որոշումն էր Հայաստանի Հանրապետությունը վիճարկում որպես երրորդ կողմ:
Ամալ Քլունիի կարծիքով` ՄԻԵԴ–ի վճիռը հաղթանակ է Հայաստանի համար
© ARMENPRESSАмал Клуни и Джефри Робертсон в ЕСПЧ

«Դատարանը չի վիճարկել հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավորներն ասացին, որ հարցն ընդհանրապես չի դիտարկվելու, իսկ յոթ դատավորներ էլ հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է»,– հայտարարել են փաստաբանները