ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի– Sputnik. Ռոսավիացիան հոկտեմբերի 26–ից լուծարել է «Տրանսաերո» ավիաընկերության շահագործման հավաստագիրը, և փոխադրողը երկուշաբթի` Մոսկվայի ժամանակով ժամը 00.01–ից (Երևանի ժամանակով` 01.01-ից) դադարեցնում է թռիչքները։
Մոսկվայի օդանավակայանների չվացուցակի համաձայն` «Տրանսաերոն» վերջին չվերթը կկատարի Հոնկոնգի օդանավակայանում` Մոսկվայի ժամանակով 21։05–ին Boeing-767 ինքնաթիռով։
«Տրանսաերոն» ի վիճակի չէր սպասարկել պարտքերը, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմել են 250 մլրդ ռուբլի։ Նրա տոմսերի վաճառքը դադարեցվել էր, իսկ ուղևորներին տեղափոխում էին «Աերոֆլոտը» և այլ ավիաընկերություններ։
«Աերոֆլոտը» հաղորդել է, որ «Տրանսաերոյի» կողմից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15–ն իրացրած 1,9 մլն տոմսից «Աերոֆլոտի» օպերացիոն կառավարման տակ արդեն տեղափոխվել է 1,825 մլն մարդ, ինչը կազմում է տոմսերի ընդհանուր թվի 94,8 տոկոսը։
«Աերոֆլոտը», ավիաընկերության գնահատակաների համաձայն, «Տրանսաերոյի» ուղևորների փոխադրման հետ կապված խնդիրների համար կծախսի շուրջ 17 մլն ռուբլի։ Ընկերությունը նախատեսում է վերադարձնել դրանք` թռչելով «Տրանսաերոյի» միջազգային չվերթերով։ Այդպես «Աերոֆլոտին» մեկ տարով փոխանցվել է 56 նման չվերթ։