ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Նոյեմբերի 22-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, մահացել է 8 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:
Գործակալության տվյալով՝ կին ահաբեկիչն այդ պահին մի խումբ կանանց և երեխաների հետ է եղել:
Նիգերիայի հյուսիս-արևելքում գործում է «Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը, որը դեմ է կրթության արևմտյան մոդելին և ցանկանում է ողջ երկրում շարիաթ հաստատել։
Հենց «Բոկո հարամի» ահաբեկիչներն են մի շարք ահաբեկչական գործողությունների հեղինակները։ Նրանք իրենց գործողություններով պատասխանում են Նիգերի, Կամերունի և Չադի ռազմական արշավին, որն ուղղված է այդ խմբավորման գրոհայինների ոչնչացմանը։