ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի- Sputnik. Դարեր ի վեր մեր նախնիները Նոր տարվա նախաշեմին զարդարել են տունը և առանձնահատուկ մթնոլորտ ստեղծել։ Ծառի պաշտամունքը, որը մեր մշակույթ է մտել Գերմանիայից, Հայաստանում միշտ էլ եղել է։ Դրանից էլ սկսվել է եղևնիները զարդարելը։
«Հայկական տոնական սեղանի գլխավոր ուտելիքները կանաչեղենից պատրաստված աղցաններն են, թարմ մրգերն ու չրերը»,- պատմում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
Հնում ավանդույթ է եղել, որ Նոր տարին պետք է դիմավորել մաքուր մտքերով և լուծված խնդիրներով, և եթե ինչ-որ մեկը պարտք է ունեցել, ապա տոնից առաջ փորձել է վերադարձնել այն, որպեսզի թեթև սրտով մտնի նոր կյանք։
Նոր տարվա նախաշեմին փորձագետները կանանց խորհուրդ են տալիս ավելի քիչ ժամանակ անցկացնել գազօջախի մոտ և փոխարենը ջանք չխնայել տոնական մթնոլորտ ստեղծելու համար։
«Թեև այսօր տոնը դրսում նշելու միտում է նկատվում, այդուհանդերձ մեր ժողովրդի մեջ պահպանվել է այդ օրը ընտանիքի հետ նշելու ավանդույթը»,- ասում է Պողոսյանը։
Հայկական տոնական սեղանի ավանդական ճաշատեսակներ կան, որոնք խաղաղություն և բարություն են խորհրդանշում։ Դրանցից մեկը Քաշիկան է` Հարիսայի նախատիպը, որը պատրաստելիս չեն խառնում, որպեսզի գալիք տարին քաոսային չլինի։

«Խոհանոցը երբեք քարացած չի լինում, այն մշտապես փոփոխությունների է ենթարկվում։ Այսօրվա պահպանվել է մի քանի ավանդական բաղադրատոմս, որոնք օգտագործվում են»,- նշում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Ի դեպ, Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ, քահանա տեր Պետրոս Մալյանը սխալ է համարում Նոր տարին Սուրբ ծննդից ավելի ճոխ նշելը, չէ՞ որ գլխավոր տոնը հենց Քրիստոսի ծնունդն է (Հայաստանում Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին)։
«Խորհրդային Միության 70-ամյա ազդեցությունն իր հետքն է թողել, որը դժվար է արմատախիլ անել մեկ օրում։ Նոր տարին պետք է նշել, բայց մենք պետք է շեշտը դնենք Ծննդյան տոնի վրա»,- եզրափակեց Մալյանը` հավելելով, որ դասական այդ օրվա սեղանին պետք է կանաչեղեն, ձուկ և չրերով ու չամիչով պատրաստված փլավ լինի։