ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի- Sputnik. ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները Մինսկում կքննարկեն համագործակցության պետությունների ղեկավարների հերթական նիստի օրակարգի հարցերը, հաղորդում է Sputnik Բելառուսը` հղում անելով գործադիր կոմիտեին։
ԱՊՀ կառույցներում և այլ կանոնադրական մարմիններում համագործակցության անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2016թ.-ի փետրվարի 9-ին Մինսկում։
«Նիստում, մասնավորապես, կքննարկվեն ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ առաջարկները»,- հաղորդել են ԱՊՀ գործադիր կոմիտեից։
Բացի այդ, մշտական ներկայացուցիչները քննարկում են միջոցառումների ծրագիրը` նվիրված ԱՊՀ 25-ամյակին։
Նիստում Հայաստանը կներկայացնի Բելառուսի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կառույցներում և այլ կանոնադրական մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։