ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor ընկերությունը հայտարարել է, որ համաշխարհային շուկաներից շուրջ 2,9 միլիոն մեքենա է հետ կանչում: Հայտարարությունը վերաբերում է 2015 թվականի հոկտեմբերից 2016 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում արտադրված ավտոմեքենաներին: Պարզվել է, որ նստատեղի մետաղական կարկասի սխալ ձևի պատճառով անվտանգության գոտին կարող է վնասվել ավտովթարի ժամանակ:
Toyota Motor ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում արտադրված ավտոմեքենաները Հայաստան չեն բերվել:
Ճապոնական «Նիկկեյ» թերթի տվյալով՝ հետ է կանչվում 2 միլիոն 873 ավտոմեքենա, մասնավորապես՝ RAV4 և Vanguard ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռոյթերս գործակալությանը, մեքենաների մեծ մասը՝ շուրջ 1,1 միլիոնը, հետ կբերվի ԱՄՆ-ից: ԵՄ անդամ երկրների շուկայից հետ կբերվի շուրջ 625 հազար ավտոմեքենա, Չինաստանից ՝ 434 հազար, իսկ Ճապոնիայից՝ 177 հազար մեքենա: 307 հազար մեքենա էլ իրացվել է այլ երկրների շուկաներում: