Էտման աշխատանքները պետք է արագացնել

© Sputnik / И. Кибзий / Անցնել մեդիապահոցЯблоки
Яблоки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարին գրանցված բարձր ջերմաստիճանի պատճառով այս տարի հանրապետության տարածքում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի շուտ սկսելու անհրաժեշտություն է առաջացել

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվարին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:

Մասնավորապես` հյուսիս-արեւելքում (Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) եւ Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:

Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների կատարումը:

Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ 7-10 օր հետո` նաև հնդավորների էտը:

Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչեւ բողբոջների ուռչելը: Նշված ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող պատրաստուկով:

Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, եւ գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն:

Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար լավագույն ժամկետը կլինի մարտի 5-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո:

Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի եւ սածիլման աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը:

Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ շտապողականության:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:

 

Լրահոս
0