Էնֆիաջյան. «Չեմ կարծում, որ ԲՀԿ–ի նախկին խոսնակը կլքի կուսակցությունը»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վահան Բաբայանը հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնից։ ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բաբայանը լուրջ տարաձայնություններ ունի իր կուսակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության անդամները չեն քննարկել մամուլի նախկին քարտուղար Վահան Բաբայանի՝ կուսակցությունից հեռանալու հարցը, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Վահան Բաբայանը փետրվարի 22-ին դիմում է ներկայացրել ԲՀԿ-ի մամուլի քարտուղարի պաշտոնը լքելու վերաբերյալ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վանիկ Էլիզբարյանը։

«Իրականում այն, ինչ խոսվում է մամուլում, մեր ներկուսակցական հարցերն են, մեր ներկուսակցական խնդիրները: Վստահեցնում եմ ձեզ՝ դրանք մեզ համար պրոբլեմատիկ հարցեր չեն»,- ասաց Էնֆիաջյանը։

Պատգամավորի խոսքով` կուսակցության դիրքորոշումն այնպիսին է, որ յուրաքանչյուր ոք պետք է իր անձնական դիրքորոշումը ներկայացնի, ինչը կարող է չհամընկնել կուսակցության անդամների մեծամասնության հայացքների հետ։

Էնֆիաջյանը նշեց. «Ես ինքս չեմ կարծում, որ նա կուսակցությունից դուրս կգա այս պահին»։

Նրա խոսքով` եթե հանկարծ այդպիսի հարց առաջանա, ԶԼՄ-ները կիմանան այդ մասին։

«Այսօր այդպիսի հարց չկա, և կարծում եմ, որ իմաստ չունի այդ հարցը քննարկել»,- ասաց Էնֆիաջյանը։

Պատգամավորը նշեց, որ նման քննարկումները կուսակցության համար նոր չեն, և այս անգամ իրենց ուղղված չափազանց մեծ ուշադրության հարցում մեծ դեր ունեն լրատվամիջոցները։

Լրահոս
0